Search
Close this search box.

Բերձորը որպես առանցքային կետ դեռ մնում է․ ո՞վ կստանձնի իրավիճակը շրջելու հնարավորությունը

Օգոստոսի 23-ին Արցախի խորհրդարանի «ընդդիմադիր» ուժերի ղեկավարները հանդիպել են Ռուսաստանի զորախմբի հրամանատարության հետ։ Հանդիպման առիթը, ինչպես իրենք են ասել, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունն էր այն մասին, թե ռուսական զորքը Բերձորի միջանցքում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նոր ճանապարհը չի բացվել։

Ռուսաստանի զորախմբի հրամանատարությունը հանդիպմանը նշել է, որ իրենք անհրաժեշտ եզրակացություններ են արել օգոստոսյան իրադարձությունների հետ կապված՝ միաժամանակ վստահեցնելով, որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն հետագայում նման խախտումները կանխելու եւ Արցախի բնակչության համար պատշաճ անվտանգություն ապահովելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական հրամանատարությունը նման կերպ է հայերին պատասխանել Հին Թաղեր-Խծաբերդից, Փառուխից հետո, այդպես են պատասխանել իրենց ներկայությամբ հայերի սպանություններից հետո։ Այն, որ արցախցի «ընդդիմադիր» պատգամավորների գլխի տակ կրկին փափուկ բարձ էին դնելու, դրանում կասկած չկա։ Խնդիրն այն էր, թե ինչ են անելու այդ բարձի հետ իրենք՝ արցախցի պատգամավորները, որոնց աչքի առաջ են տեղի ունեցել Հին Թաղեր-Խծաբերդի, Փառուխի, Բերձորի միջանցքի իրադարձությունները։

Դրանք հայկական հողի հերթական կտորներն օտարելու ռուս-թուրքական դարավոր մեխանիզմի մերօրյա դրսեւորումներն են, ուրիշ ոչինչ։ Նույնքան դարավոր, որքան հայերի հավաքական պարզամտությունը։ Ռուսական զորքը Արցախում է ոչ թե հայերին պաշտպանելու, այլ Հայաստանի դեմ ռուս-թուրքական 2020-ի արշավի արդյունքների անշրջելիությունն ապահովելու, Հայաստանի անկախ պետականությունը վերացնելու ծրագիրն իրագործելու համար։ Բերձորի դեպքերն աղաղակող էին այն առումով, որ ներառեցին ռուս-թուրքական ցեղասպան մեխանիզմի բոլոր տարրերը՝ զինված հարձակում, հայերի տեղահանություն, զինաթափման վերջնագիր։

Օգոստոսի սկզբին Պուտին-Էրդողան պակտով գործընթացն արագացվում է, եւ անխուսափելի էր դառնում Հայաստանի դեմ Ռուսաստանի ուղիղ առճակատումը, ինչն էլ տեղի ունեցավ Բերձորում։ Դա արդեն դժվար է թաքցնել ռուսանպաստ ավանդական քարոզչական աղբով եւ թուրքերի թիկունքում քողարկվելով, եւ ռուսներն իրենք չեն էլ թաքցնում, ասելով, որ «անհրաժեշտ եզրակացություններ են արել օգոստոսյան իրադարձությունների հետ կապված»։

Ինչու է դժվար թաքցնելը․ որովհետեւ եթե մնացած դեպքերում կային որոշակի «եռակողմ» լղոզումներ, Բերձորի միջանցքը եռակողմ թղթով ռուսների բացառիկ իրավասության գոտին է, ոչ թե «սովորական պատասխանատվության գոտի»։ Ըստ այդմ՝ միջանցքը ժամկետից շուտ թուրքերին հանձնելը կարող էր լինել միայն Կրեմլի որոշմամբ։ Կրեմլի որոշումն իր հերթին կապված էր Հայաստանի տարածքով միջանցքների բացման գործընթացն արագացնելու հետ։

Այս ֆոնին, հանդիպմանը մասնակցած արցախցի «ընդդիմադիր» պատգամավորները հայտարարել են, թե «Բերձորի միջանցքը հանձնվել է Ռուսաստանի թիկունքում՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությամբ», որ դա «Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների հետեւանքն է»։ Հետաքրքիր է՝ դա ռուս զինվորականնե՞րն են հուշել, թե սեփական պրպտումների ու վերլուծությունների արդյունք է։

Արցախի խորհրդարանի «ընդդիմությունը» Հայաստանի ռուսանպաստ «ընդդիմության» շարունակությունն է բոլոր առումներով։ Այդ ընդդիմության խնդիրը ռուսական պլանների անխափան իրագործումն է՝ Ռուսաստանի վրայից պատասխանատվությունը հանելու, հայ ժողովրդին ապակողմնորոշելու եւ նոյեմբերի 9-ի թուղթը «կայացած փաստ» հռչակելով՝ հանրությանը կորուստների հետ համակերպելու առաջադրանքով։ Այն, ինչ տեղի է ունենում՝ նոյեմբերի 9-ի թղթի կամ Կրեմլի պլանի իրագործումն է, ոչ ավել, ոչ պակաս։ Բանավոր, թե գրավոր են պայմանավորվածությունները, էական չէ, էականն այն է, թե ինչ է արվում ռուս-թուրքական ցեղասպան մեխանիզմը կոտրելու համար, որի պտուտակներն են քպ-ական իշխանությունն իր «խաղաղ օրակարգով» եւ ռուսանպաստ ընդդիմությունն իր 5-րդ շարասյանը բնորոշ գործառույթով։

Ռուս զինվորականները Բերձորի շրջանի հայ բնակչությանն ասել էին՝ դուրս եկեք, թե չէ ձեր անվտանգությունը չենք ապահովելու։ Արցախցի պատգամավորները «ռուսների թիկունքում դավադրությունների» վերաբերյալ անհեթեթությունների փոխարեն պետք է իրականությանը նայեն բաց աչքերով՝ շուտով ռուսների այդ խոսքերն են լսելու Արցախի այլ բնակավայրերում։ Դրա դեմն է պետք առնել, իսկ դրա համար նախ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ռուսական զորախումբը օկուպացիոն զորք է, որի խնդիրը Արցախը Բաքվին հանձնելն է։ Բերձորում դա է սկսել։

Միեւնույն ժամանակ, Բերձորը որպես առանցքային խնդիր մնում է, եւ տեղի ունեցածը ցեղասպան մեխանիզմի դերակատարների դեմ շրջելն անհնար հարց չէ։ Կա՞ մեկը, որ ցանկանում է եւ ի վիճակի է ստանձնել այս գործը․ խոսքը նախեւառաջ խորհրդարանական ուժերի մասին է, քանի որ նրանց ձեռքին են հայկական պետական ինքնիշխանության լծակներն ու հնարավորությունները։ Դա է դիմադրությունը։
lragir.am