Search
Close this search box.

«Արցախը հանձնելով Հայաստանը փրկելու» հույսը․ Ինչ է տեղի ունենալու Հայաստանում ռուսական ռազմական տեղակայումների տարածքների հետ

Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների այս քարտեզն ի հայտ եկավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Բաքվի ռազմական ներխուժումները Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում երկար սպասեցնել չտվեցին, եւ այդ ուղղություններով սկսեցին տեղակայվել ռուսական ստորաբաժանումները։ Այն, որ Բաքվի ներխուժումները տեղի էին ունենում ռուսների առաջնորդությամբ, վկայում էին պայմանագրային պարտավորությունները չկատարելու Մոսկվայի պատճառաբանությունները եւ անմիջապես տեղերից ստացվող տեղեկությունները։

Այդ նույն ժամանակ ՀՀ իշխանությունը սկսեց խոսել Գյումրիի բազայի ընդլայնմամբ եւ նոր տեղակայումներով «անվտանգության նոր համակարգի» կառուցման մասին՝ Սոթք-Խոզնավար գծով։ Ավելացնենք՝ նաեւ Տավուշի մարզի, որտեղ ռուսները կառուցում են հենակետեր։ Ռուսական բոլոր հենակետերը ՀՀ տարածքում համընկնում են միջանցքների երթուղուն։

Ասպարեզում հայտնվեց նաեւ նոյեմբեր 9-ի Հայտարարության հավելվածը սահմանազատման վերաբերյալ: Կրեմլի խոսնակ Պեսկովի ծամածռությունները միայն հաստատում էին այդ մտադրությունները:

Սահմանազատման եւ ապաշրջափակման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագիրը ենթադրում է ՌԴ ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորում՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի անխուսափելի նահանջը հնարավորինս անցնցում իրականացնելու համար: Ի հաշիվ մի շարք տարածքների նկատմամբ ՀՀ պետական իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման:

Այս գիծը Կրեմլի մշակումների մասնակիցներն անվանում էին «ռուս-թուրքական նոր սահման» եւ Հայաստանին կոչ անում որոշել, թե նոր սահմանի որ կողմում է գտնվելու՝ լինելու է գոտու ակտիվ բուֆեր-շարունակություն, թե ենթադրյալ հակառակորդին օժանդակող տարածք: Այդ «գործառույթն» ամեն դեպքում ենթադրում է Հայաստանի «արցախացում»։ Այսինքն, այն մեխանիզմը, որն այս օրերին կիրառում են ռուսներն Արցախում, իրականացվելու է Հայաստանի նշված շրջաններում, առնվազն։

Ավելի կոպիտ՝ ռուսների տեղակայման շրջանները հանձնվելու են Բաքվին, կամ խիստ սահմանափակվելու է դրանց հանդեպ հայկական իրավազորությունը։ Սա ռուս-թուրքական տանդեմի ավանդական մեխանիզմն է՝ թուրքերի ներխուժում՝ ռուսների «խաղաղարարություն»։ Մոսկվան 100 տարի կերտում է «Ադրբեջան» անունով կազմավորումը բնիկ հայ բնակչության տեղահանմամբ, հայկական տարածքների բռնակցմամբ։ Բաքվի հավակնությունները երեւակայական չեն, Բաքուն ոչ մի քայլ չի անում առանց Մոսկվայի, որովհետեւ իր նվաճումները «օրինականացնելու» եւ միջազգային լեգալ կառույցները շրջանցելու միակ տարբերակը Կրեմլի առաջնորդությունն է։

Ինչու ենք կրկին հրապարակում այս քարտեզը․ հատուկ նրանց համար, որոնք կարծում են, թե Արցախը հանձնելով Հայաստանը կարելի է փրկել։ Արցախի հանձնման շուրջ մոսկովյան մանդատակիր իշխանության ու «ընդդիմության» կոնսենսուսն ակնհայտ է։ Թշնամական տանդեմի համար չկան առանձին հարցեր՝ լուծվում է հայկական պետության լուծարման խնդիրը «սահմանազատման, ապաշրջափակման», զինթափման, ճանապարհների ռեժիմի փոփոխության փաթեթով՝ ՀՀ վարչակազմի «օրինականացմամբ»։ Դա Ռուսաստանի եւ թուրքերի կենսական խնդիրն է, որի քաղաքական ու քաղաքակրթական պատճառներին անդրադարձել ենք բազմիցս։

Պլանները պարտադիր չէ, որ իրականանան։ Դրա համար իրական դիմադրություն է պետք, ոչ այն բալագանը, որ ծավալել է ռուսանպաստ «ընդդիմությունը»։ Մյուս տարբերակի մասին չարժե խոսել, քանի որ Ռուսաստանից ածանցյալ Հայաստանին դա չի վերաբերելու, ցավոք։

Lragir.am