Search
Close this search box.

Ինչո՞ւ են ադրբեջանական հրշեջ մեքենաները մինչև հիմա Բերձորում և ո՞վ է նրանց թույլ տվել դա․ մանրամասնում է քաղաքապետը

Երեկ հայաստանյան լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ադրբեջանական հրշեջ մեքենաները ռուս խաղաղապահների վերահսկողությամբ մտել են Բերձոր։

Նպատակը՝ քաղաքում և հարակից շրջաններում հրդեհների բռնկման դեպքում արագ արձագանքելն ու կրակի հետագա տարածումը կանխելն է։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը։

«Այո, ադրբեջանական հրշեջ մեքենաները երեկ կեսօրից Բերձորում են, ռուս խաղաղապահների տեղակայման վայրում։ Քանի դեռ հրդեհ կամ կրակի օջախ չի հայտնաբերվել, նրանք իրավունք չունեն դուրս գալու զորամասից, համենայն դեպս, մինչև այս պահը այդ վիճակն է։ Պարզապես, կարելի է ասել, հերթապահություն են սահմանել», – նշեց համայնքի ղեկավարը։

Հարցին, թե ո՞վ է նման բան արտոնել Բաքվին, Ալեքսանյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ իրեն ոչինչ այդ մասին չեն ասել։

«Ամեն դեպքում, կարծում եմ, վերևից (նկատի ունի Արցախի իշխանություններին – խմբ․) թույլտվություն ունեն, այլապես՝ դժվար թե կարողանային մուտք գործել Բերձոր»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ ադրբեջանական ԱԻՆ ներկայացուցիչների անմիջական հսկողությունը վերապահված է ռուս խաղաղապահներին։