Search
Close this search box.

Այսօրվա մեր իրականությունը հենց այդպիսին է. Նաիրի Հոխիկյան

Իրանական մի ասույթ կա’ մի խղճա թուլացած թշնամուն, քանի որ երբ նա ուժեղանա, քեզ չի խղճա և ամեն ինչ կանի, որ դու չուժեղանաս։
Այսօրվա մեր իրականությունը հենց այդպիսին է։

1994-ին Ադրբեջանը ստիպված էր զինադադար խնդրել, որ կարողանա իր քայքայված ու բարոյալքված զինված ուժերը կարգի բերել, իսկ միջազգային ուժերին էլ դա պետք էր, որ նույն’ 1994-ի սեպտեմբերի 20-ին Բաքվում կնքեն դարի պայմանագիրը և մեծ փողեր դնեն նավթային արդյունաբերության մեջ։ Այդ մասին առանձին կխոսեմ։

Այն ժամանակ մենք չկարողացանք թուլացած թշնամուն պարտադրել խաղաղության պայմանագիր, որ մեր ուժի իրավունքով ձեռք բերած հաղթանակը վերածենք իրավունքի ուժի, ձեռքներիս ունենանք միջազգային փաստաթուղթ Արցախի անկախության կամ Հայաստանին պատկանելության մասին։

1994-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դա համարում էր ագրեսիա, 1998-ին Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին Սերժ Սարգսյանը համարեցին ուշացած, իսկ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը արդեն պատրաստ էր զիջել, ինքը դրա համար էր եկել։

1994-2020 թվականների ընթացքում’ 26 տարի շարունակ Ադրբեջանը զինվում էր, իսկ հաղթած և ուժեղ Հայաստանը ոչինչ չէր անում պարտված Ադրբեջանի զինվելը կանխելու, պարբերաբար ողնաշարը ջարդելու համար։ Ուժի իրավունքը միջազգային արենայում ընդունված և հարգված է։

Հիմա Ադրբեջանը իր հովանավոր Թուրքիայի հետ ամեն ինչ անում է, որ պարտված Հայաստանը չկարողանա ոտքի կանգնել, հզորացնել իր բանակը։ Ադրբեջանը բացահայտ օգտագործում է ուժի իրավունքը, և ոչ ոք նրան չի խանգարում։

Հաղթողին չեն դատում։ 1994-ին մենք դա չհասկացանք, 2020-ին Ադրբեջանը հասկացել ու կիրառում է։
Ի՞նչ է մեզ մնում անելու։

Հնարավորինս արագ փոխել թշնամու կողմից բերված ու թշնամուն քծնող իշխանությանը։ Իրականացնել իրականում ազգային հեղափոխություն և արագ տեմպերով զինվել։
Կհարցնեք’ ինչպես, ինչով։

Ամեն ինչ հնարավոր է ազգային ծրագրի գոյության պարագայում։ Հասկանում եմ, որ մեզ ամեն կերպ խանգարելու են Ադրբեջանը և Թուրքիան, չհաշված այլ երկրներ, բայց անլուծելի ոչինչ չկա։

Կա խնդիր, կա լուծում։
Հավատացեք, ընդամենը ազգային ծրագրով քայլերի հաջորդականություն, և մեր գնացքը ևս կլինի ռելսերի վրա, մենք էլ կկարողանանք վերականգնել մարտունակությունը և պայքարի ոգին։

Երբ ես ասում եմ, որ մենք կվերադարձնենք առնվազն Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը, ինձ շատերը հակադարձում են, թե միջազգային հանրությունը դա թույլ չի տա։
Երբ մենք ունենանք ուժի իրավունք, մեզ հետ էլ հաշվի կնստեն այնպես, ինչպես հիմա Ադրբեջանի հետ, իսկ դավաճանած ու թուլացած փաշինյանական իշխանության հետ ոչ ոք երբեք հաշվի չի նստելու։

Ես հավատում եմ մեր հաջողությանը, պարզապես դրա համար պետք է ձգել գոտիները և առանց հուսահատության աշխատել գիշեր ու ցերեկ:

Նաիրի Հոխիկյան