Search
Close this search box.

Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհվածները

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված 57-ամյա Գայանե Ավետիսյանն իր հարեւանուհու՝ 52-ամյա Անահիտ Խալաթյանի հետ գնացել էր թոռնիկների համար գնումներ անելու։ Անահիտը եւ Գայանեն հարեւաններ էին, ապրում էին նույն շենքի տարբեր հարկերում։

NEWS.am–ին հարեւանները պատմել են, որ Անահիտ Խալաթյանը եւ Գայանե Ավետիսյանն աշխատում էին հիվանդանոցում։ Նրանք երկուսն էլ 2 երեխա ունեին։ Անահիտ Խալաթյանը երկու թոռնիկ ուներ։ «Նրանք նաեւ բարեկամական կապեր ունեին՝ իրար քավոր-սանիկ էին։ Երկուսն էլ շատ լավ կանայք էին, արտակարգ ընտանիք ունեին, դաստիարակված որդիներ։ Գայանեի որդիներից մեկն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Գայանեն գնացել էր իր նոր ծնվող թոռնիկի համար գնումներ կատարելու, որ որոշ ժամանակ անց մեկներ նրանց մոտ»,- պատմեց նա։

Գայանե Ավետիսյանը հուղարկավորվել է այսօր, Անահիտ Խալաթյանին կհուղարկավորեն վաղը։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։

2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։