Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ներս պետք է մտնենք, որ կարողանանք գտնել անհետ կորածներին». ինչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկն այդ պահին գտնվել է առաջին հարկի մուտքի մոտ։ Այս մասին այսօր դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշա Գրիգորյանը` հիշեցնելով, որ այս պահին ունենք 2 որոնվող քաղաքացի և 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։

«Այսօր որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացնելու շինության մոտակա հատվածներում։ Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում, քանի որ փլուզման վտանգ կա, կան փլատակներ։ Մասնագետներ ենք հրավիրել սեյսմիկ ծառայությունից և մասնավոր ընկերությունից, որպեսզի փրկարարներն էլ չտուժեն»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` այս պահին հովացման աշխատանքներ են կատարվում շինության շրջակայքում, որպեսզի փրկարար շներն ու կինոլոգները կարողանան որոշակի աշխատանքներ կատարել։
Գրիգորյանը հավելեց, որ տարածքի 70 տոկոսը մաքրվել է, և աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։