Search
Close this search box.

Սյունիքի մարզը կարմիր գոտում է, անվտանգային խնդիրներ կան, ԱԳՆ–ն պետք է հանդես գա հայտարարությամբ

Զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանի կարծիքով` որպեսզի Սյունիքի մարզը միջազգային զբոսաշրջային քարտեզներում դուրս բերվի կարմիր գոտուց, անհրաժեշտ է, որ մեր ԱԳՆ–ն հանդես գա հայտարարությամբ։

Գորիսում կան հյուրանոցներ, որոնք պատերազմից առաջ մշտապես ազատ տեղերի խնդիր ունեին, իսկ այսօր հասանելի բազմաթիվ սենյակներ կան, ինչը վկայում է, որ նույնիսկ տեղացի զբոսաշրջիկներից շատերը խուսափում են Սյունիք այցելելուց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` նշելով, որ միաժամանակ կան նաև հովեկներ, որոնք ցանկանում են այցելել հիշյալ մարզ, քանի որ Տաթևը, Գորիսը, Քարահունջը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը տակավին չեն կորցրել իրենց գրավչությունը։

ԶԼՄ–ներում տեղեկություն է շրջանառվում, որ 44-օրյա պատերազմից հետո բազմակի անգամ կրճատվել է Սյունիքի զբոսաշրջությունը, և նշված մարզը ՀՀ քաղաքացիների ու օտարերկրացիների համար կորցրել է գրավչությունը, ինչի հետևանքով հյուրատներ են փակվել, շատերն էլ ծանր կացության առջև են կանգնել, քանի որ մտահոգված են անվտանգային խնդիրներով:

«Հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` Հայաստան ժամանող զբոսաշրջիկների և մեր քաղաքացիների այցերի առումով։ Հակամարտություններում ընդգրկված գոտիները միջազգային զբոսաշրջային քարտեզներում ներառված են կարմիր գոտիներում, ինչը նշանակում է, որ այդ տարածքներում կան անվտանգության խնդիրներ, հետևաբար օտարերկրյա զբոսաշրջիկները զննելով այդ քարտեզները` բնականաբար փորձում են զերծ մնալ այդպիսի վայրերում իրենց հանգիստը կազմակերպելուց»,– ասաց Գևորգյանը։

Իսկ ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջության, ապա այդ առումով 2021 թվականին և այս տարի, ըստ Գևորգյանի, ավելի նախընտրելի ու պահանջված են եղել Հայաստանի հյուսիսային մարզերը, մինչդեռ հարավին սահմանամերձ թևում, որտեղ կան անվտանգության խնդիրներ, հովեկները որոշակի առումով արդեն զերծ են մնում այցերից։

«Որպեսզի Սյունիքի մարզը միջազգային զբոսաշրջային քարտեզներում դուրս բերվի կարմիր գոտուց, անհրաժեշտ է, որ մեր ԱԳՆ–ն հանդես գա հայտարարությամբ, տա հիմնավոր տեղեկություններ Սյունիքի մարզի զբոսաշրջային վայրերի անվտանգության վերաբերյալ և նոտաներ հղի այն երկրներին, որտեղ հրապարակվում են այդպիսի քարտեզներ։ Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ մենք ավելի շատ հաղորդումներ, տեսանյութեր, ռեպորտաժներ թողարկենք այդ վայրերի մասին, տեղից կազմակերպենք հեռարձակումներ` խոսելով բնակիչների հետ ու ներկայացնելով անվտանգային բաղադրիչները, իսկ այդ ամենից հետո պետք է աշխատենք, որպեսզի այդ նյութերը հանրահռչակվեն արտասահմանյան ԶԼՄ–ներով»,– ասաց Գևորգյանը։

Զբոսաշրջության փորձագետը նշեց, որ կոնկրետ վայրերի վերաբերյալ անվտանգության երաշխիքներ նախևառաջ տալիս են տուրօպերատորները, որոնք հենվում են պատկան մարմինների տեղեկությունների վրա։ Միջազգային կազմակերպությունները կապ են հաստատում իրենց գործընկեր օպերատորների հետ և բոլոր տեսակի իրավապայմանագրային հարաբերությունները կառուցում տուրօպերատորների հետ, իսկ վերջիններս էլ` իրենց սպասարկող օղակների հետ։