Search
Close this search box.

Ինչ իրավիճակ է այս պահին Աղավնոյում. նոր տեղեկություններ

Արցախի Աղավնո գյուղի բնակիչները պատրաստվում են լքել իրենց տները, դեռ տարհանված մարդ չկա, բայց իրենց իրերն են հավաքում: Բնակիչները հուսահատված են, ոչ մեկն էլ ուրախ չէ:«Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Զրույցի պահին Աղավնո գյուղում էր նաև միջազգային «Կարմիր խաչ» կազմակերպության պատվիրակությունը՝ բնակիչների տարհանման աշխատանքներին աջակցելու համար:

Գյուղապետի հաղորդմամբ՝ Աղավնոյում ներկայումս ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ 70 երեխա.

«Բնակիչներից, որը մոտակայքում է ապրում՝ Տեղ գյուղում կամ Գորիսում, կարող է տեղափոխման խնդիրը լուծել, բայց ով հեռու է ապրում, հազար ու մի հարց կա, հավաքում են իրերը, մինչև տեսնենք՝ ինչ է լինում, անորոշ վիճակ է»,-ասաց Չավուշյանը:

Նրա փոխանցմամբ՝ Աղավնոյի բնակիչների մեծ մասը տարհանումից հետո էլ ուզում է Արցախում ապրել, մի մասն էլ՝ Սյունիքում կամ Երևանում:

Մեզ հետ զրույցում գյուղապետը հայտնեց, որ Աղավնոյից տարհանվում են նաև հուշարձանները, եկեղեցու խաչքարերը: Նրա խոսքով՝ գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատվեն նաև հեռախոսային կապերը.

«Ինչ ենթակառուցվածք մեզ է պատկանում, պետք է տանենք, ամեն մարդ իրա իրը հանի, կապերը պետք է անջատվի, դրա համար ավելի լավ կլինի շուտ տարհանվեն՝ մինչև ամսի 20-ը, 22-ը»,-ասաց Անդրանիկ Չավուշյանը: