Search
Close this search box.

ՊՆ-ն` բենզալցակայանի աշխատակիցը նախարարին մատ է ցույց տվել լուրի մասին

Պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ նախարար Սուրեն Պապիկյանի հետ բենզալցակայանում միջադեպ է տեղի ունեցել, մասնավորապես՝ աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին։ «Նման միջադեպ ՊՆ նախարարի մասնակցությամբ չի եղել: Ստահոդ եւ մտացածին տեղեկություններ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման՝ բենզալցակայանի աշխատակիցը եղել է ՊՆ գնդապետ Հրայր Աթոյանի որդին։ Միջադեպից հետո նախարարն Աթայանին զորացրելու հրաման է արձակվել։ Արամ Թորոսյանը հաստատեց, որ Աթոյանն այլեւս Զինված ուժերում չի աշխատում, սակայն, վստահեցրեց, որ գնդապետը զորացրվել է 2022թվականին՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա կենսաթոշակի հիմքով:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր եւ կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել եւ ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի: