Search
Close this search box.

Պուտին-Էրդողան համաձայնություն․ Հայաստանով միջանցքների բացումն արագացվում է

Ռուսական նոր ռազմաբազա Բերդում, Տավուշի մարզ

Ռուս «խաղաղապահները» Բաքվի օգոստոսի 1-3-ը զինված հարձակումներից ու Շոյգու-Հասանով զրույցից հետո սկսել են Արցախի զինաթափման գործընթացը, միաժամանակ Լաչինի միջանցքում փոխելով պարեկության ռեժիմը՝ ադրբեջանցիներն արդեն հիմա կարող են ազատ երթեւեկել միջանցքով։ Հայկական բնակավայրերի՝ Աղավնոյի ու Բերձորի տեղահանության եւ այսպես կոչված նոր ճանապարհով երթեւեկելու վերջնագիր է ներկայացվել հայկական կողմին։
Ռուս զինվորականները անցակետ են տեղադրել Մեղրի-Ագարակ ճանապարհին։ Անցակետ է տեղադրվել նաեւ Երասխում։ Ռուսները բազաներ են կառուցում Տավուշի մարզում, հայկական կողմը կառուցում է նոր ճանապարհ, քանի որ գործող ճանապարհն անցնելու է Մոսկվա-Բաքու վերահսկողության տակ։

Սոթքում երեկ տեղի ունեցած սադրանքի կապակցությամբ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ուշագրավ արտահայտություն կա․ «Անցած մեկ օրում Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել»: Եթե Սոթքը ռուսական պատասխանատվության գոտի է, նշանակում է այն հանձնվելու է Բաքվին, ինչպես տեղի է ունենում ռուսական պատասխանատվության մեկ այլ գոտում՝ Արցախում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ռուսական պատասխանատվության գոտի է Սոթք-Խոզնավար հատվածը։

Լրագիրը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից եւ 2021-ի մայիսին մի քանի ուղղություններով Բաքվի ներխուժումներից հետո բազմիցս անդրադաձել է այն հարցին, որ ներխուժումները ճշգրիտ համընկնում են Հայաստանի տարածքով նախատեսված մի քանի միջանցքների հետ։ Մեղրիի միջանցքի շուրջ իրարանցումը կոչված էր քողարկել ոչ միայն բուն խնդիրը՝ Հայաստանի պետականության լուծարման Մոսկվա-Անկարա ծրագիրը, այլեւ «ընթացիկ»՝ մյուս միջանցքների հարցը։ Լավրովը դա բնորոշել էր «Հայաստանի ճանապարհներին պարզեցված ռեժիմի ներդրում», ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Անկարան ու Երեւանը համաձայնության են հասել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու շուրջ։ Հասկանալի է, թե որոնք են երրորդ երկրները՝ ՌԴ-ն եւ «Ադրբեջանը»։ Փաշինյանն իր հերթին անցյալ հինգշաբթի հայտարարեց, որ «ադրբեջանցիները կարող են անցնել Ղազախ-Բերդ, Ղազախ-Իջևան, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներով»։

Պուտին-Էրդողան համաձայնություններից հետո այս գործընթացն արագացվում է։ Կարելի է ուրվագծել միջանցքների երթուղին՝ Մեղրիով Նախիջեւան-Թուրքիա, Լաչինի միջանցքով Գորիս-Երասխ-Արմավիրի մարզ-Թուրքիա, Սոթք-Սեւանի մայրուղի-Սպիտակ-Գյումրի-Թուրքիա, Տավուշի մարզ-Սպիտակ-Գյումրի-Թուրքիա։

Սոչիում ռուս-թուրքական համաձայնություններով Մոսկվան պատժամիջոցների շրջանցման եւ բանկային, էներգակիրների, սարքավորումների եւ այլ ոլորտներում հիմնվում է Թուրքիայի վրա, որի համար արագացվում է ուղիղ կապի՝ միջանցքների բացումը։ Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնն ու Գյումրիում ռուսական 102-րդ բազան վերահսկելու են միջանցքների անխափան գործունեությունը։