Search
Close this search box.

Հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը Վարդենիսից էր, ապրում էր սոցիալապես անապահով պայմաններում

Զորամասում հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայող շարքային Արշալույս Հովհաննիսյանը 46 տարեկան էր։ Նա Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից էր։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Վարդենիս խոշորացված համայնքի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ մահացած պայմանագրայինն ուներ մեկ անչափահաս տղա` 12 տարեկան։

Արշալույս Հավհաննիսյանն ապրում էր սոցիալապես անապահով պայմաններում: Էդգար Պետրոսյանը չհաստատեց շրջանառվող այն լուրերը, թե Արշալույս Հովհաննիսյանն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում էր ստացել: «Ինչպես մեզ է հայտնի, մահացած պայմանագրային զինծառայողը հիվանդություններ չի ունեցել»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան էլ Armenia Today-ին հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

ՊՆ խոսնակը նաև հավելեց, որ հանկարծամահ եղած պայմանագրային զինծառայողը բոլոր բուժզննումներն անցել է այնպես, ինչպես սահմանված է ցանկացած զինվորի պարագայում: Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):