Search
Close this search box.

Րաֆֆի Հովհաննիսյանը գործից հասկանում է, եթե ինձ ընդգրկել է իր ցուցակում․ Պարույր Հայրիկյան

Հայ ժողովրդի վերջին գոնե կես տարվա պատմությունը ցույց է տալիս, որ ով ինչ նախաձեռնում է պետք է հստակեցնի՝ միանում է Հայրիկյանի գաղափարներին, թե՝ ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժամանակավոր կառավարության անդամների ցուցակին, որում ընդգրկված է նաեւ ինքը։

«Շատ քիչ ազգեր ունեն իմ ճանապարհն անցած մարդիկ։ 1973 թվականից Սովետական միության պայմաններում անկախությունը հանրաքվեի միջոցով բարձրացրած, զարգացրած մարդուն ճիշտ է, որ նկատեն։ Նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործից հասկանում է։ Եթե որեւէ մեկն ուզում է հիմնարար փոփոխություններ կատարել, պետք է անդրադառնա հիմնարար օրենքին։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ասպարեզ է իջնելու, ես կողջունեմ։ Մենք եթե տեսնենք, որ ինքը Սահմանադրությունն ամենակարեւոր հարցը չի համարում, միանգամից կարձանագրենք, որ այն մակարդակը չէ, որ պետք է աջակցություն արժանանա»,- նշեց Հայրիկյանը։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ցուցակում ընդգրկված են նաեւ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Համբարձում Մաթեւոսյանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց․ «Ուզում է լայնախոհություն ցույց տալ։ Արեւմուտքում շոուներ շատ են սիրում, ինքն էլ դա անում է։ Ես դժվար թե Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամի հետ ցանկանայի աշխատել»։