Search
Close this search box.

Վատագույն սցենարի հավանականությունը մեծ է, տարածքում հայ զինվոր չկա, թուրք հատուկ ջոկատայինների ներկայությունն էլ պատահական չէ. Աղավնոյի գյուղապետը գաղտնի պայմանավորվածությունների մասին է խոսում

Վերջին ամիսներին, օրերին Արցախի Աղավնո գյուղը դարձել է համայն հայության մտահոգության, խղճի, ցավի, սպասումի ու պայքարի յուրահատուկ օջախ։ Հայրենազրկման ու պետականության աստիճանական կորստի մեծ երախում, թվում է, Աղավնոն ընդամենը փոքր պատառ է՝ արտաքին ու ներքին թշնամու համար։

«Երկու տարի առաջ պիտի մտածեինք, երբ սկսվեց էս ամբողջ մղձավանջը։ Հիմա եթե սկսեմ մեղադրել Նիկոլին, Արցախի իշխանություններին, ի՞նչ է փոխվելու։ Ես էլ եմ մեղավոր, ժողովուրդն էլ է մեղավոր, որ ամեն ինչ հանդուրժեցինք ու հասանք այս ամենին»,- ԼՈՒՐԵՐ․ com-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ նշեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, թե նախօրեին ԱՀ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այցելել է գյուղ և հայտնել, որ մինչև այս տարվա օգոստոստի 25-ը բնակիչները պետք է լքեն իրենց տները, Չավուշյանն ասաց․

«Դե, Խանումյանն ի՞նչ անի․ նա կատարող է, եկել, ընդամենը տեղյակ է պահել․ ոչ մեկ չի ուզում, որ հայի արյուն թափվի։ Չգար էլ, պիտի ասեին՝ չեկան, չասացին, գյուղն ու մարդկանց վարի տվեցին»։

Աղավնոյի գյուղապետը նշեց, որ վատագույն սցենարի հավանականությունը մեծ է, քանի որ տարածքում հայ զինվոր չկա, ավելի՛ն, պատահական չէ թուրք հատուկ ջոկատայինների ներկայությունը։

«Իշխանությունները, չասեմ գաղտնի, երևի պայմանավորվածություններ ունեն։ Հավանաբար ինչ-որ հաշվարկներ կան, չգիտեմ։ Ամեն դեպքում՝ իրավունք չունենք հիասթափվելու»,-նշեց Չավուշյանը։

Իսկ թե ինչ կոչ ունեն նա ու Աղավնոյի բնակիչները հայ ժողովրդին, աշխարհին, բոլորին, մեր զրուցակիցն ասաց՝ Սպասում ենք հրաշքի, քաղաքական ինչ-որ փոփոխության, տեսնենք, Աստված ուժ ու համբերություն տա բոլորիս․․.
Lurer.com