Search
Close this search box.

«Հովիկ ստուդիոն» կրկին ներկայացավ Երևանում՝ 3 տարի ընդմիջումից հետո

Հուլիսի 28֊ին Երևանի “Առնո Բաբաջանյան” համերգասրահում Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրը, իր անունը կրող Պարի Ակադեմիան ներկայացավ շքեղ համերգային ծրագրով, որտեղ մասնակցում էին Հովիկ Ստուդիոյի մոսկովյան, Երևանի և Արտաշատի սաները։ Երևանի հանդիսատեսը հասցրել էր կարոտել նրանց աշխույժ, յուրօրինակ և հուզառատ պարերը։
Համերգի խորագիրն էր “Պարիր մեզ հետ` հոգուդ շունչ տուր, վեր խոյացիր` երկրիդ լույս տուր”։

Լեփ լեցուն դահլիճն առանձնահատուկ ջերմություն նվիրեց նրանց ողջ համերգի ընթացքում։
Բեմադրությունների հիմնական հեղինակն էր գլխավոր բալետմաստեր` Գագիկ Հայրապետյանը, որի էպիկական պարերը գերում են բոլորին։ Ծրագրում ներկայացված էին նաև պարուսույց֊բեմադրողներ Հովհաննես Խաչատրյանի, Մհեր Մարգարյանի և Քնարիկ Ավագյանի բեմադրությունները։

Համերգի հյուրերն էին ժողովրդական երգի սիրված կատարողներ` Վարդան Բադալյանը և Եվա Եգանյանը։ Վերջինիս հետ իր պարային նուրբ կատարումով հանդես եկավ Էլինա Դանիելյանը։
Շատ տպավորիչ էր նաև փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանի ելույթը։
Հաղորդավարական գեղեցիկ դուետով հանդես եկան Կարեն Մոլիտվինը և Սոնա Սաֆարյանը։
“Մենք ձեզ հրաժեշտ չենք տալիս, այլ միայն ասում ենք ցտեսություն”֊ ավանդական խոսքով ավարտեց Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը` խոստանալով մյուս տարի վերադառնալ Օպերային թատրոնի հարազատ բեմ։