Search
Close this search box.

Ռումբի մասին ահազանգից հետո մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակ են, ուղևորները տարհանվել են

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում պայթուցիկ սարքի առկայության մասին ստացված ահազանգից հետո մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, ուղեւորներին տարհանել են։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ այս պահին ընթանում են աշխատանքներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և Բաղրամյան 19 հասցեով՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։