Search
Close this search box.

Մոսկվայից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի մասին

Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման գործում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կողմերի հետ կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում՝ շփման կետեր գտնելու, փոխընդունելի հիմնարար սկզբունքների և խաղաղության համաձայնագրի պարամետրերի հասնելու համար»,- նշել է դիվանագետը և հիշեցրել, որ հանդիպումները տեղի են ունեցել հուլիսի 22-ին՝ Բաքվում և հուլիսի 28-ին՝ Երևանում:

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի սահմանազատումը երկու երկրների միջև երկխոսության առողջացմանն ուղղված ռուսական միջնորդական ջանքերի կարևոր ուղղություններից է:

«Այս գործընթացում Մոսկվայի խորհրդատվական դերն ամրագրվել է 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ բարձրագույն մակարդակի եռակողմ հայտարարությամբ: Ինչպես հայտնի է, մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմ հանձնաժողով, և երկու երկրների սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումը։ Մոսկվան միշտ պատրաստ է ընդունել մեր ադրբեջանցի և հայ ընկերներին Ռուսաստանի տարածքում»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովան համոզմունք է հայտնել, որ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանագծման մասով Ռուսաստանի մասնագիտական հնարավորությունները կարող են էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ամբողջ տարածաշրջանում: Նրա խոսքով՝ տարբեր հանդիպումների հստակ ժամկետները որոշում են Երևանն ու Բաքուն: