Search
Close this search box.

Ի՞նչ է ասել Շոյգուն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել և հայտնել, որ ՌԴ զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ, M777 ամերիկյան 33 հաուբից և «Harpoon» հականավային հրթիռային համալիրի 5 արձակման կայանք։

«Արևմտյան զենքի անվերահսկելի մատակարարումները լրջորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը», — ասել է նա:
Շոյգուի խոսքով՝ անցած երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը զրկվել են 396 հակատանկային «Javelin»-ներից ու «NLAW»-ներից, «Սթինգեր» տեսակի 125 շարժական զենիթահրթիռային համալիրներից:

«Ռուսական զինված ուժերը շարունակում են ազատագրված շրջանների քաղաքացիական օբյեկտները պաշտպանել հակառակորդի օդային հարձակումներից։ Միայն անցած ամսվա ընթացքում խոցվել է 34 ինքնաթիռ, առգրավվել է «Տոչկա-Ու» համալիրի 39 հրթիռ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 226 արկ, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության: Այս ամենի արդյունքում հազարավոր խաղաղ բնակիչներ են փրկվել», — ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ ՌԴ զինվորականներն ակտիվ մասնակցում են Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում և Ուկրաինայի ազատագրված շրջաններում խաղաղ կյանքը վերականգնելու աշխատանքներին:

«Անցկացվել է շուրջ 1,4 հազար մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում առաքվել է ավելի քան 50,5 հազար տոննա բեռ։ Ազատագրված տարածքներում ռազմական շինարարները բարձր տեմպերով վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները», — նշել է Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ ամենակարճ ժամկետում կառուցվել է շուրջ 90 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրագիծ, որը մինչև 50 հազար խմ ջրամատակարարում է ապահովում Դոնեցկի և հարակից շրջանների բնակիչներին։

Այժմ 60 կիլոմետրանոց ևս երկու ջրատար է կառուցվում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների համար: Պլանային կարգով կառուցվում և վերակառուցվում են կենսական նշանակության օբյեկտները, այդ թվում` ավելի քան հազար բնակարանով 12 բնակելի տուն, 260 մահճակալով 2 բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն, ինչպես նաև ԱԻՆ-ի վարչական-փրկարարական կենտրոնը։