Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել. «Էրեբունի» թանգարանի տնօրենը՝ թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութի մասին

Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում պոռնոգրական տեսանյութի նկարահաման և տարածման թեման, ինչի վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանից։

–Պարո՛ն Բադալյան, թանգարանի տարածքը վերահսկվում է, ինչպես է ստացվել, որ զբոսաշրջիկներին հաջողվել է տեսանյութ նկարահանել և այդ խախտումներն աննկատ են մնացել։ Ո՞ւմ է վերապահված տարածքի վերահսկողությունը։

–Տարածքը, իհարկե, վերահսկվում է, և վերահսկվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունու բաժնի կողմից։

–Այդ դեպքում, ի՞նչ ընթացք է տրվել այդ հիմքով, ում եք դիմել։

–Մենք դիմել ենք մեր վերադաս մարմնին՝ Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քաղաքապետարանը դիմի  ոստիկանությանը և ընթացք տրվի։

–Շշուկներ կան, որ այդ տեսանյութով փորձել են Ձեզ շանտաժի (սպառնանք) ենթարկել քաղաքական ուժեր, դա այդպե՞ս է, թե՞ ոչ, և դա իշխանությո՞ւնն է։

–Այդպես է, բայց դա իշխանությունը չէ, հակառակը, ինձ փորձել են  սարքել «հականիկոլական», և այստեղ ես նշեմ, որ ես որևէ քաղաքական ուժի չեմ պատկանում։ Այս տեսանյութով ինձ ակնարկ է արվել, որ ես հարեմ ուժին։ Հիմա չեմ ուզում ես այդ մասին շատ խոսել, քննություն կլինի և ես մանրամասն կպատմեմ դրա մասին։ Ինձ ակնարկել են, որպեսզի այդ տեսանյութի մասին չբարձրաձայնելու դիմաց ես հարեմ այդ ուժին, այսպես ասած՝ որպեսզի չբարձրաձայնվի, հետո իրենց լավության տակից դուրս գամ։

Այսինքն, այդ տեսանյութը եղել է ինչ–որ մեկի ձեռքի տակ,  ով Ձեզ ասել է՝ չենք բարձրաձայնի, եթե ընդունեք իրենց առաջարկած նախապայմանը։

–Այո։ Ես իհարկե, դա մերժել եմ, և չեմ կարող ասել, թե որտեղից է այդ տեսանյութը, ով է ասել, բայց իշխանությունը չէ։

–Թանգարանին առնչվող ևս մեկ հարց․ այսօր Երևանի քաղաքապետը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի միջև հաստատված գործակցության շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Ինչ ծրագիր է դա։

–Դա իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանի հետ։ Փուլով ծրագիր է, ֆինանսավորվում է Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի կողմից, նպատակն է փորձել ստանալ ուրարտական ժամանակաշրջանի աղյուսի տեսքով աղյուսներ, որոնք հետագայում կօգտագործվեն, երբ Կարմիր բլուր հնավայրում ստեղծվի աղյուս ստանալու արտադրամաս, և արդեն մյուս տարի համապատասխան փորձաքնութուն և թույլտվություն ստանալուց հետո հնարավոր կլինի վերականգնել կարմիր բլուրի և Էրեբունու մի քանի աղյուսաշեն շինությունների վտանգված հատվածները։