Search
Close this search box.

Ակցիաների, զեղչերի նոր կարգավորումներ. Հուլիսի 31-ից ինչ իրավունք չունեն անել տնտեսվարողները, որ չտուգանվեն

Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները: «Ակցիաների իրականացման ոլորտում բազմիցս արձանագրել ենք մի շարք խնդիրներ: Տնտեսվարողն ապրանքի գնի նկատմամբ սահմանում է զեղչ, սակայն պարզվում է՝ այդ զեղչված գինն իրականության մեջ ավելի բարձր է, քան սահմանված է:

Մեկ այլ դեպքում զեղչերի մասին տեղեկատվությունը տրվում է թերի կամ ոչ ամբողջական: Մեկ այլ պարագայում հայտարարվում է զեղչի մասին, սակայն պարզվում է՝ որեւէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Նա ներկայացրեց օրենքի նոր կարգավորումները: Պարոն Մարկոսյանի խոսքով, հանձնաժողովի նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին», ինչպես նաեւ հարակից օրենքներում: Ըստ Տիգրան Մարկոսյանի, նման առաջարկ անելուց առաջ հաշվի են առել քաղաքացիներին ու տնտեսվարողներին մտահոգող հարցերը, ոլորտի բացերն ու հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Ասում է՝ եղել են դեպքեր, երբ տնտեսվարողը հայտարարել է ակցիա իրականացնելու մասին ու պարզվել է, որ այդ ակցիան, ասենք, տեւում է տարիներ. «Նոր կարգավորումները սահմանում են, որ զեղչը չի կարող տեւել անորոշ ժամանակով, այն կարող է տեւել առավելագույնը երեք ամիս: Հաջորդ պահանջը վերաբերում է զեղչերի մասին տեղեկատվության ամբողջական տրամադրելուն: Չլինի այնպես, որ, օրինակ, հայտարարվի զեղչ սալիկների համար, սակայն պարզվի՝ դա լինում է այն դեպքում, երբ գնում ես 2 քմ ու նոր 3-րդ քմ-ը վաճառվում է այլ գնով: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչեւ զեղչը եղած գինը»: