Search
Close this search box.

Շրջադարձ Ուկրաինական պատերազմում

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հեգնանքով մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքը օկուպացված Խերսոնում Անտոնովսկի կամրջի գնդակոծմանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից։

«Անտոնովսկի կամուրջը կարող եք անվանել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ, որը հաջողությամբ որսում է ուկրաինական բոլոր հրթիռները, բայց դուք չեք կարող թաքնվել իրականությունից. զավթիչները պետք է սովորեն լողալով անցնել Դնեպրը: Կամ էլ լքել Խերսոնը քանի դեռ հնարավոր է: Երրորդ նախազգուշացում կարող է եւ չլինել», գրել է նա Twitter-ում:

Անտոնովսկի կամուրջն առավոտից փակ է, և դրա վրայով ռազմական տեխնիկայի տեղաշարժը, ինչպես նշում են փորձագետները, անհնար է։ Միևնույն ժամանակ, սա այն երկու կամուրջներից մեկն է, որոնցով ռուսական զորքերը կարող են զինամթերք մատակարարել օկուպացված Խերսոնին կամ դուրս բերել անձնակազմը այնտեղից։

Այն մասին, որ Ուկրաինայի հակահարձակումն արդեն սկսել է, խոսում են նաև արևմտյան հետախուզությունները։ Նրանք պնդում են, որ բնակելի թաղամասերին ռուսական հարվածները ցույց են տալիս, որ Մոսկվան փորձում է կանխել հակահարձակումը: Եվ չնայած Ռուսաստանը ստիպված էր նահանջել Կիևի, Չեռնիգովի, Սումիի և Խարկովի շրջանի մի մասից ու լքել Զմեինի կղզին, փորձագետները Խերսոնից նահանջը համարում են պարտության սկիզբ և հոգեբանական բեկում:

Վերջին Ռամշտեյնում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարեց, որ Ուկրաինայում պատերազմը մտնում է վճռական փուլ։ Ռուսական պահեստների ու հրամանատարական կետերի ոչնչացումն արևմտյան գերճշգրիտ զինատեսակներով, տիեզերական ծրագրից հրաժարումը, գազային պատերազմը տուրբինների պատճառով, Թուրքիայից և Իրանից անօդաչու սարքեր գնելու Պուտինի պատրաստակամությունը խոսում են Ռուսաստանի տեխնոլոգիական անհույս հետամնացության մասին։ Այս հետամնացությունը դժվար է փոխհատուցել թնդանոթի մսով, ահաբեկչությամբ ու տեղեկատվական պատերազմով։

Ռուսաստանը Կոստանդնուպոլսի «հացահատիկի գործարքի» ժամանակ փորձեց Խերսոնում «հրադադարի» հասնել։ Օդեսայի նավահանգստի գնդակոծումը վկայեց, որ դա չի հաջողվել։