Search
Close this search box.

Մեր աչքի առաջ ավերվում է միլարդներ արժեցող տիեզերական հետազոտությունների եզակի գործիք․ Նանա Հերունին ահազանգում է

Մեծ վրդովմունքով հետևում ենք հերթական ոտնձգությանը, որը տեղի է ունենում Օրգովում, ակադեմիկոս Պարիս Հերունու ստեղծած աստղադիտակի տարածքում։ Հայտնի էր, որ աստղադիտակը բազմագործառույթ էր և կարող էր ծառայել գիտության ոլորտում։ Նման հետազոտություններից մեր հանրապետությունը կարող էր մեծ եկամուտներ ունենալ միջազգային ասպարեզներում, բայց այսօր փոխանակ դիտակը շահագործվի իր գործառույթների շրջանակներում և գիտական աշխարհին ծառայի ի փառս մեր երկրի, այն տրամադրվում է որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանումների, անվաչմուշկներով սահելու տարածք և այդ ամենը ալյումինից ստացած հայելային մակերեսի վրա, որի սալիկները, թեև հարթեցված են միկրոնների ճշտությամբ, ունեն միլիարդների արժողություն և տիեզերական հետազոտությունների եզակի գործիք են, բայց այս որոշումներով դրանք ուղղկիորեն փոշիացվում են՝ կարծես նպատակը դրա հնարավորինս արագ ոչնչացման խնդիրը լինի։

Շատ ու շատ ցավալի է, որ Ստանդարտների ազգային ինստիտուտը, ում Հերունու մահից հետո փոխանցվեց ռադիոդիտակը, և Էկոնոմիկայի նախարարությունը տևական ժամանակ կոնսերվացրել են աստղադիտակի աշխատանքները, իսկ տարածքը, որը պետք է հսկվեր և պահպանվեր, ավերվել ու թալանվել է՝ դառնալով կասկածելի միջոցառումներ անցկացվելու համար առևտրի առարկա։

Հազար ամոթ և անեծք ազգային մեծ նշանակություն և ներուժ ունեցող, աշխարհում եզակի գործիքի ոչնչացման ճանապարհը բռնած պետական այրերին։ Ու քանի դեռ այս հարցերում չունենք պետական պաշտպանվածություն, մեզ մնում է աղոթել Աստծուն, որ կարճ ժամանակում գործի բումերանգի օրենքը և անօրենների գլխին թափի արդար ու արժանի պատիժը։

Նանա Հերունի