Search
Close this search box.

Սա կառավարություն չի. Զինհաշմանդամներին զրկում են թոշակներից իրենց պարգեւավճարների համար

2019 թվականին երրորդ կարգի հաշմանդամ ճանաչված նախկին պայմանագրային զինծառայող Հ․ Մ․-ն մեկ ամիս առաջ զրկվել է հաշմանդամության իր կարգից եւ այլեւս չի կարողանում ստանալ զինհաշմանդամության թոշակ։ NEWS.am-ի հետ զրույցում նախկին զինծառայողի կինը, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի, որոշումը սխալ համարեց, քանի որ վստահ է՝ իր ամուսին հաշմանդամություն ունի։

«Ամուսինս 2019 թվականին մարտական դիրքերում հիվանդություն է ձեռք բերել։ Այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ ամուսինս ծառայության ընթացքում է ձեռք բերվել հիվանդությունը։ Նրան հաշմանդամության երրորդ կարգ տրվեց։ Վահանաձեւ գեղձի հետ կապված հիվանդություն է, որի պատճառով ամբողջ կյանքում պետք է դեղորայք օգտագործի»,- պատմեց կինը։

Նախկին պայմանագրային զինծառայողը հունիսի 24-ին փորձաքննությունն է անցել, որից հետո իրենց ասել են, որ ինքը հաշմանդամություն չունի։

«Ասում են՝ քո առողջական վիճակը նորմալ է, մեր չափորոշիչներին չես համապատասխանում։ Այսպես շատերին են կարգից զրկում՝ անգամ 44-օրյա պատերազմում վիրավորվածներին։ Դիմել ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, ասել են՝ մեկամսյա ժամկետում կպատասխանեն։ Ես աշխատակիցներին ասացի, որ շատերին են կարգերից զրկում, ու ըստ էության՝ իրենք չզարմացան ու չհակադարձեցին»,- նշեց կինը։

Կնոջ խոսքով՝ իրենց երեք անչափահաս երեխաներից երկուսը առողջական խնդիրներ ունեն եւ թոշակ են ստանում։ Երեխաների եւ մինչ այս ամուսնու 45 հազար դրամ թոշակների եւ նպաստի միջոցով ընտանիքը կարողանում էր գոյատեւել, բայց այժմ իրենց կյանքն անհամեմատ դժվարացել է։

«Ամուսինս աշխատում է, բայց ոչ կանոնավոր, մանր աշխատանքներ է կատարում։ Կարող է շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր աշխատել։ Պայմանագրային աշխատանքին էլ վերադառնալ էլ չի կարող։ Ես կաշխատեի, բայց երեխաներին եմ պահում։ Գոնե իր թոշակով հասցնում էինք, հիմա շատ դժվար է։ Սա կառավարություն չի։ Զինհաշմանդամներին զրկում են թոշակներից իրենց պարգեւավճարների համար։ Իրենց համար մեկ է՝ ինչ վիճակում է նախկին զինծառայողը, իր երեխաները»,- ընդգծեց նա։