Search
Close this search box.

Պատերազմ լինելու է, պետք է պատրաստվենք, հիմարություն է խաղաղությունից խոսելը․ Արցախի ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար

«Պատերազմն անխուսափելի է, ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ է, իրար ուտելու են, պետք է պատրաստ լինենք պատերազմի, եթե անգամ թուրքերին ասենք՝ ձեր գերին ենք, ոտքերը ընկնենք, քամակները պաչենք, միևնույն է, կռիվ լինելու է, թուրքը միշտ էլ ցանկանալու է մեզ կոտորել, ոչնչացնել»։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո)։ Ըստ նրա՝ աշխարհը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով։ «Այս իրավիճակում խաղաղությունից խոսելը, ինչպես ասեմ, որ շատ կոպիտ չլինի, հիմարություն է, անմտություն, անհեթեթություն։ Մենք հետաքրքիր ազգ ենք` հեքիաթների հավատացող: Դա, իհարկե, ստրկամտություն է, որ գլուխդ մտցնում ես ավազի մեջ ու չես ուզում տեսնել` ինչ է կատարվում։ Պետք է զինվել, զենքի նորմալ արտադրություն ունենալ, ժողովրդին պիտի զենք տրվի։ Պատրաստ լինել պատերազմի, նաև նշանակում է, որ կես ժամվա մեջ ամբողջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի մոբիլիզացիայի, դիրքերում լինի, հզոր տնտեսություն ունենանք։ Դա նշանակում է, որ 3–րդ երկներից մեր սահմանով չպետք է գան անցնեն, պռախադնոյ դվոռ չէ, 3–րդ եկիր ու՞մ նկատի ունեն։ Հայ ազգը, որ փրկվի պետք է նաև ազգային գաղափարախոսություն ունենա, որը չունի, դրա հիման վրա ամբողջ ազգը պետք է ձևակերպի իր նպատակները։ Պետք է հասկանալ` ինչ մշակույթ, պատմություն, առաքելություն ունենք, որով պետք է հասնել պետականության, անկախության»,-նշեց նա։

Արկադի Կարպետյանի խոսքով` եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքվի, միևնույն է, պատերազմն անխուսափելի է։ «Պայմանագիրը թուղթ է, հիշեք՝ քանի պայմանագիր ենք ստորագրել, ո՞րն է մեր դեպքում ի օգուտ մեզ աշխատում՝ Վուդրո Վիլսոնն աշխատու՞մ է, Լոզանինն աշխատու՞մ է, նոյեմբերի 9-ինն աշխատու՞մ է ի օգուտ մեզ։ Իհարկե՝ ոչ։ Մադրիդյան սկզբունքներն էլ չեն աշխատում։ Բազմաթիվ պայմանագրեր կան, կրկնում եմ՝ չեն աշխատում։ Աշխարհի այս զարգացումներում ի՞նչ խաղաղություն, ի՞նչ եք ասում։ Աշխարհի հեչ պետքն էլ չէ, թե Արցախում, Հայաստանում ինչ է կատարվում, իրենց համար ինչ հայություն, իրենց հարցերն են լուծում։ Միջազգային հանրություն ասվածը կեղծ կատեգորիա է»,-ասաց նա։

Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի` սեպտեմբերից ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս կգան Արցախից, Արկադի Կարապետյանն ասաց, որ նոյմեմբերի 9–ին ստանձնած պարատավորությունն են կատարում։ «Այլ հարց է` կարող էին չկատարել, եթե Ադրբեջանը պարտավորությունները չի կատարում։ Եթե ինձ եք հարցնում ՝ ես պատերազմում էլ չէի պարտվի»,-ասաց նա։

Արկադի Կարապետյանն ասաց, որ այօր փաստացի ՌԴ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը։ «Առանց ռուս խաղաղապահների Արցախում ի՞նչ կլինի, ինչպե՞ս եք պատկերացնում, ասենք թե զորքը Արցախում է, բարոյահոգեբանական վիճակն ինչպիսին է։

Պատկերացրեք` այս իրավիճակում խաղաղապահները դուրս են գալիս, ի՞նչ կլինի»,-նկատեց նա։

Գնդապետի խոսքով ՝ պարբերաբար ժողովրդի մեջ շեղող թեմաներ են շրջանառում, զգոնությունը թուլացանում։ «Նույն Հիսուսի արձանի հետ կապված, Հիսուսը այդ արձանի կարիքը չունի, կարևորը հավատը մեր սրտերում լինի, սրբապղծություն ենք անում. Հիսուսի արձան ենք կանգնեցնում, որ տուրիզմ զարգացնենք։ Պետք է ժողովրդի հավատը վերականգնել, կրթությունը փոխել, հասարակությունը էլեմենտար բաներ չգիտի»,-եզրափակեց նա։