Search
Close this search box.

Բնակարան գնել-վաճառելը գլխացավանք է դարձել

168.am-ը գրում է. Հուլիսի 1-ից սկսած Հայաստանում այլևս հնարավոր չէ կանխիկով բնակարան գնել։ Բնակարան գնելու համար գնորդը պարտավոր է գումարը մուտք անել բանկ և փոխանցել բնակարանի սեփականատիրոջ բանկային հաշվին։

Նախկինում սա շատ ավելի պարզ տարբերակով էր արվում. գումարը գնորդը, հիմնականում կանխիկով, տալիս էր սեփականատիրոջը, և դրանով ամեն ինչ ավարտվում էր։ Այլևս բանկ գնալ-գալու կարիք չկար։

Երկուսն էլ ունեն իրենց առավելությունն ու թերությունը, որոնք, սակայն, հաշվի չառնվեցին կանխիկի սահմանափակումներ մտցնելու ժամանակ։ Դրվեց կտրուկ պահանջ, որի հետևանքներն առաջիկայում կտեսնենք անշարժ գույքի և, հատկապես, երկրորդային բնակարանային շուկայի գործարքների պարագայում։ Կանխիկի սահմանափակումը կազդի շուկայի ակտիվության վրա, որը կերևա արդեն հուլիսի գործարքներում։

Մինչ այդ, թվում է, թե անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկան այս տարի շատ ակտիվ է։ Գործարքները մեծ տեմպերով ավելանում են։ Բայց երբ զարգացումները դիտարկում ենք մի փոքր երկար ժամանակահատվածի կտրվածքով, տեսնում ենք, որ այնքան էլ այդպես չէ։ Գործարքների աճ, իհարկե, կա, բայց 3-4 տարի առաջվա համեմատ տարբերությունը մեծ չէ։

Ակտիվությունն ավելի շատ նկատվում է նախորդ տարվա նկատմամբ, երբ շուկան բավականաչափ պասիվ էր, ավելի պասիվ, քան նախկինում էր։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մայիսին Հայաստանում վաճառվել է 1600 բնակարան։ Սա նախորդ ամսվանից ավելի է ընդամենը 35-ով կամ 2,2 տոկոսով։ Տարբերությունը շատ ավելի մեծ է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարվա մայիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում վաճառվել էր 1200 բնակարան։ Այս տարի վաճառված բնակարանների քանակն ավելացել է 400-ով կամ աճն անցնում է 33 տոկոսից։

Սակայն, երբ այս նույն ցուցանիշները համեմատում ենք մինչև ճգնաժամը եղած ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ տարբերությունը մեծ չէ։

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլ-մայիսից անշարժ գույքի շուկան հայտնվեց ճգնաժամի մեջ, որի հետևանքով գործարքներն էապես կրճատվեցին։ Որոշ ակտիվություն կար նախորդ տարի, բայց շուկան չկարողացավ վերականգնվել։

Այս տարվա սկզբին էլ մեծ փոփոխություններ չկային. առաջին եռամսյակում իրականացվեց առք ու վաճառքի 12 հազար 99 գործարք, ինչը 2020թ. առաջին եռամսյակում իրականացվածներից ավելի էր ընդամենը 50-ով։

Ապրիլին էլ, 2019թ. ապրիլի համեմատ, առք ու վաճառքի գործարքների տարբերությունն ընդամենը 177 էր։ Երեք տարվա ընթացքում աճը 4,1 տոկոս էր։ Նույնը նաև Երևանի պարագայում էր. 2019թ. այստեղ իրականացվել էր առք ու վաճառքի 1608 գործարք, այս տարվա ապրիլին իրականացվել է 1656 գործարք՝ ընդամենը 48-ով ավելի, քան 3 տարի առաջ։

Գործարքների մեծ տարբերություն չկար նաև բնակարանային շուկայում։ Այս տարվա ապրիլին ընդհանուր առմամբ կատարվել է բազմաբնակելի շենքերի բնակարանների 1565 գործարք։ 2019թ. այդպիսի գործարքները 1472-ն էին։

Երեք տարում բնակարանների առք ու վաճառքն ավելացել է ընդամենը 93-ով:

Մայիսին առք ու վաճառքի գործարքների տարբերությունը մինչճգնաժամային տարվա համեմատ ավելացել է, նույնը նաև բնակարանային շուկայի պարագայում, բայց երկարաժամկետ հատվածի կտրվածքով դա մեծ փոփոխություն դժվար է համարել։ Այս տարվա մայիսին Երևանում և մարզերում վաճառվել է 2318 բնակարան և անհատական բնակելի տուն, ինչն ապրիլի համեմատ ավելի է ընդամենը 87-ով։ Նախորդ տարվա մայիսի նկատմամբ աճն անհամեմատ մեծ է՝ հասնում է 22-23 տոկոսի։ Անցած տարվա մայիսին Հայաստանում վաճառվել էր 1890 բնակարան և անհատական բնակելի տուն։ Այս տարի վաճառված բնարականները 428-ով ավելի են։

428-ը փոքր տարբերություն չէ մեկ տարվա կտրվածքով։ Բայց միայն այդ ցուցանիշը բավարար չէ պատկերացում կազմելու շուկայի դինամիկայի վերաբերյալ։ Երբ այս տարվա բնակարանային գործարքները համեմատում ենք մինչճգնաժամային ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ 3 տարվա կտրվածքով փոփոխությունն ավելի փոքր է։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա մայիսին Հայաստանում կատարվել է 2318 բնակարանային գործարք, 2019թ. կատարվել էր 1945 գործարք։

Երեք տարի առաջվա համեմատ՝ բնակարանային գործարքներն ավելացել են 373-ով։

Հետաքրքիր իրավիճակ է անշարժ գույքի վարձակալության ոլորտում։ Թվում էր, թե այս տարի պիտի ունենայինք վարձակալության գործարքների շեշտակի ավելացում։ Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով մարտին և ապրիլին մեծ թվով քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան, անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների վարձակալության պահանջարկը կտրուկ ավելացավ։ Պահանջարկն այնքան բարձրացավ, որ երբեմն նախկին վարձակալներին հանում էին ու ավելի բարձր գներով վարձակալության տրամադրում ուրիշներին։

Բնակելի և ոչ բնակելի կամ արտադրական տարածքների նկատմամբ պահանջարկն այնքան մեծ էր, որ շատերը ստիպված էին դրանք փնտրել Երևանից դուրս։

Ու այդպիսի պայմաններում վարձակալության գործարքները նույնիսկ նվազել են։ Եվ ոչ միայն անցած տարվա համեմատ։

Պաշտոնական տվյալներով, ապրիլին Հայաստանում իրականացվել է 980 վարձակալական գործարք։ Նախորդ տարի, երբ չկար Ռուսաստանից ու այլ երկրներից հարկադրաբար Հայաստան տեղափոխված քաղաքացիների մեծ հոսք, կնքվել էր վարձակալության 1000 գործարք։

2019թ. համեմատ վարձակալական գործարքների կրճատումն ավելի մեծ է։ Այն ժամանակ այդպիսի գործարքների թիվն անցնում էր 1,2 հազարից։

Մայիսին վարձակալության գործարքներն ապրիլի համեմատ նույնիսկ 74-ով կրճատվել են։ 31-ով ավելի քիչ են եղել նաև նախորդ տարվանից։ 2019թ. համեմատ էլ պակասել են 188-ով։

Ստացվում է, որ ինչքան պահանջարկը վարձակալության նկատմամբ ավելանում է, այնքան գործարքները կրճատվում են։

Այս թվերը ցույց են տալիս, որ վարձակալական գործարքները մեր երկրում գտնվում են խորը ստվերում։ Մարդիկ գերադասում են ռիսկի դիմել ու դրանք չգրանցել, որպեսզի հարկ չվճարեն։ Նման դեպքում վարձակալության գնի 10 տոկոսը պետությունը վերցնում է՝ որպես եկամտային հարկ։ Թերևս, դա էլ ստիպում է, որպեսզի շատերը հրաժարվեն օրինականացնել նման գործարքները, որքան էլ դրանք հետագայում կարող են խնդիրներ ստեղծել իրենց համար։ Եվ ոչ միայն պետության, այլև վարձակալների հետ։ Փաստն այն է, որ վարձակալության գործարքները, պաշտոնական տվյալներով, նվազել են։ Թեև, իհարկե, դա անշարժ գույքի շուկայի զարգացումների վրա ազդող շատ էական գործոն չէ։