Search
Close this search box.

Ապարանի արյունալի սպանությունների դեպքը կոծկվում է. Yerevan Today

Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունների դեպքը կոծկվում է, գրում է Yerevan Today-ը:

Ապարանում հունիսի 19-ի սպանություններից ճիշտ մեկ ամիս անց՝ 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Նա ԱԱԾ աշխատակից է, Արեմենիա ԲԿ-ում սուր հսկողության տակ է պահվում, արհեստական շնչառական սարքերին միացված՝ այսքան ժամանակ, և ամենադաժանը՝ կրակոցի փափմփուշտը Սամվելի գլխի մեջ է դեռ: Միայն շնչում է երիտասարդը՝ լրիվ անգիտակից վիճակում:

Հիմա էլ, հարազատների խոսքով՝ անշարժ պառկած վիճակից Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են ապավինել միայն Աստծուն: Եղբոր խոսքով՝ բժիշկները անկարող են եղել կրակոցի փամփուշտը վիրահատությամբ գլխից հեռացնել, ասել են՝ վտանգավոր հատվածում է:

Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Սամվելի եղբայրը՝ Գրիգորը: Նրա խոսքով՝ Սամվելի ապրելու շանսը խիստ նվազ է, թոքաբորբն իրավիճակը ավելի է սրել: Նշենք, որ Նիգավանի կրակոցներից մյուս 4 վիրավորներին ևս տեղափոխել էին Արմենիա ԲԿ, նրանք բոլորն էլ դուրս են գրվել հիվանդանոցից, անցել են բնականոն կյանքի, այդ թվում թոքից վիրավորում ստացած ապարացի անչափահասը, որի տասնութը լրացել է օրեր առաջ, ու նա պիտի զորակոչվեր բանակ՝ ծառայության:

Լրատվականը նաև գրում է. «Հիշեցնեք, այս ողբերգական սպանություններից երկու երիտասարդ հենց նույն պահին մահացան՝ 27-ամյա ՊՆ պայմանագրային զինծառայող Համիկ Մաթևոսյանը և 28-ամյա Տիգրան Հարությունյանը, ով աշխատում էր Գնթունիկում և դրա սեփականատիրոջ, այսինքն՝ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին էր:

Ավեի վաղ գրել էինք՝ որ այս աղմկահարույց սպանությունների գործով միայն մեկ կալանավորված անձ կա՝ երևանաբնակ 32–ամյա Հայկ Հոհաննիսյանը, ով մեղադրվում է ապօրինի զենք պահելու և սպանության համար՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ուշագրավ է, որ միակ կալանավորվածի անունն ու այլ տվյալներ քննչական կոմիտեն համառորեն գաղտնի է պահում, անունը մամուլն է հայտնել:

Ի դեպ, գործն ուղարկվել է Երևան: Ընդգծենք, որ նոր կասկածյալներ, կամ հետախուզվող անձիք չկան, այս մասին ՔԿ-ից հայտնել են Yerevan.Today-ին: Ենթադրաբար քննչական գործողություններն ի սկզբանե տարվում են ուղղորդված այնպես, որ միայն մեկ մեղավոր ճանաչվի այս միջադեպով, մաքրվեն այն ՔՊ-ամերձ շրջանակի մարդիկ, ում անունները հրապարակվել են սպանվածների հարազատների և մամուլի կողմից:

Ստացվում է՝ 1 հոգի նույն զենքից հաջորդաբար կրակել է 7-ին, սպանել 2 երիտասարդին, մահվան եզրին հասցրել ևս մեկին ու վիրավորել 4-ին… պատկերավոր ստացվում է՝ առաջին հնչած կրակոցից հետո մյուս բոլորը խելոք-գլխիկոր կանգնել են, այդ թվում կրակողի կողմնակիցները՝ չեն միջամտել, փախչել, չեն դիմադրել, հակառակը՝ հերթով կանգնել-սպասել են սպանվելու կամ վիրավորվելու իրենց հերթին, սա աբսուրդ է…

Մինչդեռ, 50-ից ավելի միջադեպի մասնակիցներ են եղել, դրա կեսի չափ մարդիկ այդ պահին ուղիղ առնչվել են կրակոցների միջադեպին: Բայց ինչպես երևում է՝ ՔԿ-ում հակված են միայն մեկին ճանաչել մեղավոր, այսիքն միայն կամովի հանձնված Հայկին, ով դեռ պարզ չէ՝ առհասարակ որքանով է իրականում առնչվում այս արյունալի միջադեպին:

Քննչական կոմիտեն այս աղմկահարույց սպանությունից, որն իրականում քաղաքական աստառ ունի, ընդամենը մեկ օր անց հաղորդել է միջադեպի հանգամանքների տեղեկացված լինելու և դրա դրդապատճառների բացահայտված լինելու մասին: Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի առաջին ու առայժմ միակ տարածած հաղորդագրության մեջ: Հիշենք նաև ոստիկանության՝ աղմուկ հանած հաղորդագրությունը՝ Ապարանի կրակոցների քաղաքական դրդապատճառները հեքելու մասին»: