Search
Close this search box.

Անկում, վերջը չի երեւում

«Հիմա աշխարհագրությունն այլ է. միայն ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն չէ, դա նաև Խերսոնի մարզն է, Զապորոժիեի մարզը և մի շարք այլ տարածքներ, և այս գործընթացը շարունակվում է և շարունակվում է հետևողականորեն և համառորեն», ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքն է մեջբերում BBC-ն։

Լավրովը հավելել է, որ եթե Արևմուտքն Ուկրաինային հեռահար զենք մատակարարի, «սահմաններն էլ ավելի կշարժվեն»։ ՌԴ արտգործնախարարը նաեւ ասել է, որ «հատուկ օպերացիան» անխուսափելի էր, եւ ինքը նույնիսկ «թեթեւություն է զգացել», երբ այն սկսվել է։

Լավրովը վաղուց դադարել է լինել արտգործնախարար՝ իր խոսնակի ու իր ղեկավարած հիմնարկի հետ միասին վերածվելով Կրեմլի քարոզչական բութ գործիքի։ Ինքը Լավրովը համաձայնել է այդ դերին, թեեւ ասում են՝ մի քանի անգամ փորձել է հրաժարական տալ։ Սակայն իր եւ իր ընտանիքի ճոխ կյանքի պահպանման ցանկությունը գերակայել է պրոֆեսիոնալ եւ պարզապես մարդկային հատկություններին։ Լավրովը խրվել է իր նոր դերում, սակայն անկման վերջը չի երեւում, ամեն անգամ նորանոր «անակնկալներ» մատուցելով։

Ուկրաինայի դեմ Կրեմլի պլանը չի կոչվում Լավրովի անունով, սակայն անզեն աչքով էլ երեւում է, որ Ուկրաինայի դեմ քարոզչությունը, ռազմական արշավի պլանավորումն ու մեթոդները խիստ նման են 2020-ին Հայաստանի դեմ սկսած արշավին։ Դա պատահական չէ, քանի որ այդ պլանների կազմավորումը եւ կառավարումն իրագործվում է նույն կենտրոնից։ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմը Հայաստանի դեմ 2020-ին սկսած արշավի շարունակությունն է՝ Կրեմլի «նոր աշխարհքաղաքականության» շրջանակում։