Search
Close this search box.

Թուրքիան երբեք «Բայրաքթար» չի վաճառի Ռուսաստանին

Թուրքիան երբեք «Բայրաքթար» ԱԹՍ-ներ չի վաճառել Ռուսաստանին ու չի վաճառի։ CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է թուրքական ԱԹՍ-ներ արտադրող «Baykar Makina» ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը՝ պատասխանելով հաղորդավարուհու հարցին՝ արդյոք Թուրքիան Ռուսաստանին էլ ԱԹՍ-ներ կտա, թե ոչ։
«Մենք նման բան երբեք չենք անի, քանի որ մենք աջակցում ենք Ուկրաինային, նրա ինքնաիշխանությանն ու անկախության համար մղվող դիմադրությանը»,- ասել է Բայրաքթարը` մինչ այդ խուսափելով պատասխանից։

Երբ հաղորդավարուհին առաջին անգամ հարցրել է Ռուսաստանին «Բայրաքթար» ԱԹՍ-ներ վաճառելու մասին, թուրքական ընկերության տնօրենը միայն ասել է, որ Ուկրաինան ու Թուրքիան երկկողմ շահեկան հարաբերություններ ունեն ԱԹՍ-ների հարցում։

«Հատկապես ավիատիեզերական արտադրության և պաշտպանության ոլորտում մենք ռազմավարական հարաբերություններ ունենք։ Թուրքիան այս հարվածային ԱԹՍ-ներով աջակցում է Ուկրաինային։ Մենք էլ մեր հերթին Ուկրաինայից տուրբինային շարժիչներ ենք գնում այս ԱԹՍ-ների համար։ Հետևաբար մենք ստեղծել ենք երկկողմ շահեկան հարաբերություններ։ Ու այս համատեքստում այդ տեխնոլոգիայով մենք միայն Ուկրաինային ենք աջակցում»,- պատասխանել է Բայրաքթարը։

Այս պատասխանից հետո լրագրողը նորից է կրկնել Ռուսաստանին ԱԹՍ-ներ վաճառելու հարցը, իսկ Բայրաքթարի պատասխանից հետո ներողություն է խնդրել, որ «ստիպել» է պատասխանել իր հարցին։