Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Հիմա գտնվում ենք ջերմային ալիքի գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Արաբական թերակղզուց. ջերմային ալիքի ներթափանցումն սկսվել է հուլիսի 10-ից: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, երեկ այդ ջերմային ալիքը ավելի ինտենսիվացավ, եւ երեկ ցերեկը մենք Արարատյան դաշտում եւ Երեւանում գրանցել ենք 40-41 աստիճան տաքություն: «Բացի այդ, քանի որ տեւական ժամանակ տեղումներ չենք ունեցել, իսկ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային եւ հովտային գոտիներում առկա է շատ բարձր հրդեհավտանգ իրավիճակ»,-ասաց Սուրենյանը՝ նկատելով, որ վերջին տասնամյակում այս շոգերը Հայաստանի համար դարձել են սովորական երեւույթ. հատկապես շատ բարձր շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին:

Անդրադառնալով կանխատեսումներին, Գագիկ Սուրենյանն ասաց. «Մինչեւ հուլիսի 21-ը ներառյալ այդ ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է, ջերմաստիճանը Երեւանում եւ Արարատյան դաշտում կտատանվի 38-40 աստիճանի սահմաններում, լեռյային հատվածներում՝ 30-33 աստիճանի սահմաններում: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հատկապես օրվա առաջին կեսին մինչեւ կեսօր որոշակի ամպամածություն կդիտվի, որը չի ազդի ջերմային ֆոնի վրա:

Հուլիսի 22-ից հետո այդ ջերմային ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սեւ ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Ըստ կանխատեսումների հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում ճերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի եւ արդեն 23-24-ին ցերեկային ժամերին 38-40-ի փոխարեն կունենաք մինչեւ 34-35 աստիճան տաքություն: տեղումներ հորիզոնում չեն երեւում, որովհետեւ ներխուժած օդը շատ չոր է»: