Search
Close this search box.

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքում. կա զոհ

Այսօր, հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու օգնել ճանապարհային ոստիկանների ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ ավտոմեքենաները տեղափոխել, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ Իսկ ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լևոնյանը և 32 ամյա Էմմա Մարտոյանը, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից։

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի։