Search
Close this search box.

Հայ-թուրքական արձանագրություններ տապալող և Վարդավառ շնորհավորող Էրդողանները

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը հանրային դիտարկումներում հասկանալիորեն արժանացել է մեծ ուշադրության, գործնականում լինելով հայ-թուրքական կարգավորման գործընթացում դրական որոշակի առաջըւնթացի քաղաքական ծանրակշիռ վկայություն պարունակող քայլ: Այդուհանդերձ, պետք է թերևս նկատել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն ունեցել է շատ ավելի սերտ և խոսուն դրվագներ, մասնավորապես ֆուտբոլային դիվանագիտության փուլում, ինչը սակայն մոտ մեկամյա գործընթացից հետո հայտնվեց խորը փակուղում՝ գզրոցում, որտեղ փոշոտվեցին հայ-թուրքական արձանագրությունները:

Իհարկե սա ամենևին համեմատության փորձ չէ, որովհետև էապես տարբեր են թե ռեգիոնալ, թե առավել ևս աշխարհաքաղաքական իրավիճակները: Ավելին, ներկայումս Էրդողանը քայլ անող է, այն պարագայում, երբ հենց Էրդողանն էր տասնամյակ առաջ սառեցնում «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Ընդ որում, դա թերևս տեղի էր ունենում այն մտայնությամբ, որ հայ-թուրքական հարաբերության հարցը Թուրքիան դեռևս կունենա առավել բարձր գնով աշխարհաքաղաքական ասպարեզում իրացնելու հնարավորություն: Մեծ հաշվով, Էրդողանի այդ հաշվարկը թերևս արդարացել է, առավելապես ռուս-ամերիկյան դիմակայության շնորհիվ, որը սկսեց խորացման ինտենսիվ ռեժիմը 2011-12 թվականներից՝ ՌԴ նախագահի պաշտոնին Պուտինի վերադարձից հետո:

Էրդողանի համար, որը Թուրքիայում այդ շրջանում մտնում էր իշխանությունն իր բուռը հավաքելու եզրափակիչ փուլ, թերևս տեսանելի էր, որ Պուտինի վերադարձը նշանակելու է այսպես ասած սառը պատերազմյան տրամաբանության վերադարձ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության համատեքստում: Իսկ Անկարայի համար դա գործնականում քաղաքական դրախտ չէ, սակայն թերևս ամենահարմարավետ իրավիճակն է, որից Թուրքիան զգալիորեն զրկվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Ռուսաստանը աչքի էր ընկնում Արևմուտքի հետ գործընկերության վարքագծով: Այդ իրադրությունը էապես նվազեցնում էր Թուրքիայի աշխարհաքաղաքական իմաստը, ինչը ամենևին այդպես չէ այսօր:

Ավելին, Թոււրքիայի նախագահ Էրդողանն ինքը թերևս չուներ իր այն մասշտաբի խաղի ներքին հնարավորություն, որը վարեց վերջին տասնամյակում՝ ավելի ու ավելի հավակնոտ և ագրեսիվ: Նրա համար այդ խաղի հիմքը ոչ թե ներքին ուժն էր, կամ ավելի շուտ՝ ոչ այնքան ներքին ուժը, որքան հենց ամերիկա-ռուսական սաստկացող դիմակայությունը, երբ Անկարան ավելի ու ավելի պահանջված էր դառնում թե Ռուսաստանի, թե ԱՄՆ համար: Դրա վկայությունն է այն, որ չնայած ամերիկա-թուրքական հարաբերության լարվածության սուր շրջափուլերին, Վաշինգտոնն այդուհանդերձ չգնաց Անկարայի հանդեպ այսպես ասած անդառնալի որոշումների, հասկանալով, որ դա կնշանակեր Թոււրքիան ամբողջությամբ մղել Ռուսաստանի գիրկը: Իսկ այսպես, Ռուսաստանն ինքն է ստիպված գրկախառնության առիթներ փնտրում և անգամ հասնում դրանց որոշակի զիջումների գնով, թե Կովկասում, թե իր համար այլ կարևոր և նշանակալի գոտիներում:

Հայկական հանրությանը ներկայումս անհրաժեշտ են ոչ թե դրական կամ բացասական սպասումներ, այլ թերևս հանգամանալից և բազմաոլորտ քննարկումներ՝ երկու առանցքային պատճառով: Նախ, հայ-թուրքական հարաբերության հարցը հայկական պետականության թերևս անկյունաքարային հարցն է, այդպես է եղել գործնականում միշտ՝ բայց նաև այդ առումով էապես թերագնահատված ու անտեսված, և այդպես է ներկայումս: Ու հենց այդ պատճառով է նաև, որ գոնե ներկայիս բախտորոշ շրջափուլում չկա այդ հարցը նախկինի պես անտեսելու «շռայլության» հնարավորություն, կամ զգայական-մանիպուլյատիվ մեթոդներով շահարկելու իրավունք: Եվ մյուսը՝ հայ-թուրքական կարգավորումը ինչպես հնարավորություն բերող հեռանկար է, այդպես էլ ռիսկեր ու վտանգներ առաջ բերող, ինչպես գործնականում ցանկացած այդօրինակ մեծ ու բարդ աշխարհաքաղաքական խնդիր:

Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական մտքի մոբիլիզացիա, հնարավորության և ռիսկերի հարաբերակցությունը առավելագույնս հնարավորության օգտին փոխելու համար: