Search
Close this search box.

«Հրապարակ». Ադրբեջանցիներին թույլ չեն տալիս վերաբնակվել գրավված տարածքներում․ նրանք հիասթափված են

«Հրապարակ»-ը գրում է. Հայաստանում շատ քիչ բան գիտեն Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների, այդ երկրում տիրող հանրային տրամադրությունների մասին: Ադրբեջանում ազատ մամուլ գրեթե գոյություն չունի, սոցիալական ցանցերը գտնվում են խիստ վերահսկողության տակ, հասարակությունն ապրում է տեղեկատվական շրջափակման մեջ: Պատերազմում հաղթանակի էյֆորիան կամաց վերածվում է հիասթափության: Մինչեւ պատերազմը ադրբեջանցիները հավատում էին, որ իրենց վատ կյանքի, բոլոր դժբախտությունների պատճառը Հայաստանի կողմից իրենց տարածքների օկուպացիան է, ամբողջ երկրի փողը գնում է բանակի ու պատերազմի նախապատրաստության վրա, բավարար է իրենք պատերազմում հաղթանակ տանեն՝ Արցախը գրավեն, միանգամից երջանիկ կյանք կսկսվի: Մինչդեռ երկու տարի է՝ իրենց բանակը վերահսկում է Արցախի մի մասն ու հարակից շրջանները, իսկ իրենք նույնիսկ այնտեղ ազատ գնալու, շրջելու հնարավորություն չունեն:

Ադրբեջանական մեր աղբյուրները պատմում են, որ այդ երկրում հանրային լուրջ դժգոհություն է հասունանում Ալիեւի եւ նրա կլանի դեմ: Պատերազմի ավարտից գրեթե երկու տարի անց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ոչ միայն չեն բնակեցվում, այլեւ փակ են անգամ այդ տարածքներում նախկինում ապրածների համար: Կան տուրիստական երթուղիներ, եւ ցանկացողները կարող են առցանց տոմս պատվիրել ու երեք ժամով այցելել որոշ թույլատրելի տարածքներ: Այս պահին գործում է տուրիստական երեք ուղղություն` Շուշի, Աղդամ, եւ վերջերս բացվել է նաեւ Ֆիզուլին: Բաքվից դեպի Շուշի երթուղին արժե 20 մանաթ, որը համարժեք է 10 եվրոյին: Այդ գումարի մեջ է մտնում 3-ժամյա շրջայցը Շուշիի մի քանի փողոցներում: Շրջայցի մեկնածները պատմում են, որ իրենք ինքնուրույն չեն եւ չեն կարող գնալ ցանկացած վայր: Յուրաքանչյուր ավտոբուս ունի իր էքսկուրսավարը, եւ խումբը գնում է միայն այն վայրերը, որոնք արտոնված են իշխանությունների կողմից: Երեք ժամից ավելի մնալը կամ առավել եւս՝ գիշերելը բացառվում է: Նման սահմանափակումները հիմնավորվում են անվտանգության երաշխիքների բացակայությամբ. Հայերն ամբողջ տարածքը ականապատել են, սխալ քարտեզներ են տվել, մարդկանց տեղաշարժը հղի է վտանգներով եւ այլն: 

Շուշի գնացած ադրբեջանցի մեր զրուցակիցն ասում է, որ քաղաքում ընդհանրապես քաղաքացիական բնակչություն չկա, միայն զինվորականներ են: Քաղաքում գործում են երեք խանութ եւ մեկ հյուրանոց, որոնք սպասարկում են զինվորականներին եւ շինարարներին: Միակը, որ այս պահին կատարվում է, քաղաքի մզկիթի կառուցումն է՝ քանդված երեք բազմաբնակարան շենքերի տեղում: Շուշիում հայերի կողմից վերանորոգված եւ խնամված երկու մզկիթ կա, թե ինչ տրամաբանությամբ է կառուցվում երրորդը, մանավանդ որ քաղաքում քաղաքացիական բնակչություն չկա, պարզ չէ: Ադրբեջանցի մեր զրուցակիցն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, դա արվում է ի հեճուկս Իրանի իշխանությունների: Երկու մզկիթներն էլ կառուցվել են Արցախում իրանական տիրապետության ժամանակաշրջանում, եւ հիմա Ալիեւն ուզում է իրանցիներին ցույց տալ, որ ինքը կարող է կառուցել ավելի հզոր ու ավելի շքեղ կառույց, քան իրանական խաները: Շուշիի հայկական թաղամասը, որտեղ մինչեւ 1988-ը հայեր են ապրել, ընդհանրապես ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Մինչեւ 1992 թվականին Շուշիի ազատագրումը ադրբեջանցիները նրանց ստիպեցին լքել քաղաքը եւ տեղափոխվել Ստեփանակերտ:

Շուշի վերադառնալ ցանկացողները վերջերս դիմել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, նույնիսկ միտինգանման բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց պատասխանել են, որ կկարողանան վերադառնալ միայն նրանք, ովքեր ունեն բացառապես Շուշիի գրանցում եւ ոչ մի տեղ հետագայում ժամանակավոր կամ մշտական գրանցում չեն ստացել: Այդպիսիք գրեթե չկան, որովհետեւ մարդիկ աշխատանքի, բնակարանային ապահովման կամ այլ նկատառումներով այս տարիներին գրանցվել են ինչ-որ տեղ: Գումարած 30 տարիների ընթացքում շուշեցիների ընտանիքներում ծնվածները, ովքեր ընդհանրապես Շուշիի գրանցում չէին կարող ունենալ: Ստացվում է, որ որեւէ մեկն իրավունք չի ստանա վերադառնալ եւ ապրել այդ քաղաքում, բացի Ալիեւից ու իր ընտանիքից:

Մյուս շրջանների հետ կապված էլ գրեթե նույն վիճակն է: Երբ Քելբաջարի, Ֆիզուլու եւ մյուս շրջանների նախկին գյուղաբնակները դիմում են իշխանություններին՝ պահանջելով հնարավորություն տալ՝ վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են, որ այդ գյուղերը քանդվել են հայերի կողմից եւ վերականգնման ենթակա չեն: Տները քանդված են, իսկ հողերի նկատմամբ սեփականության իրավունք չունեն. Ադրբեջանում հողային ռեֆորմը կամ հողերի սեփականաշնորհումն արվել է ավելի ուշ: 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղատնտեսական նշանակության տարածքները, իհարկե, մշակվում են, բայց ոչ թե անհատ գյուղացիների կամ ֆերմերների, այլ Ալիեւի եւ մերձիշխանական այլ կլաններին պատկանող ագրոհոլդինգների կողմից: Ադրբեջանում նույնիսկ հումոր են անում, որ Ալիեւը հեռուստատեսությամբ կոչ է արել իր ընտանիքին պատկանող ագրոհոլդինգին՝ ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում, ինչն ավելի շատ բարձրաձայն մենախոսության է նմանվել, քան՝ հանձնարարության:

Ադրբեջանում խոսում են, որ պատերազմում զոհվեցին հազարավոր շարքային ընտանիքների երեխաներ, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, իսկ հաղթանակի արդյունքներից օգտվում են բացառապես Ալիեւի եւ մերձիշխանական մի քանի խմբավորումներ: Օրինակ, վերջերս սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցը հաշմանդամության կարգ ստանալու համար դիմած սպային ասել է, որ թեեւ նա կորցրել է մի երիկամը, բայց չի կարող հաշմանդամության կարգ ստանալ, քանի որ եւս մի երիկամ ունի: Հիմա Ալիեւը հասարակությանը նոր պատերազմի է պատրաստում, բայց մարդիկ այլեւս խանդավառված չեն նոր պատերազմի հեռանկարով, որովհետեւ տեսան, որ նախորդ պատերազմը պետք էր միայն Ալիեւին: 

«Երկրի բյուջեից միլիարդներ է ծախսվում այդ տարածքներում ճանապարհներ, օդանավակայաններ ու այլ ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Փաստացի, այդ ամենն արվում է մեկ մարդու կամ մեկ ընտանիքի համար, որ իրենց ուզած ժամանակ կարողանան գնալ իրենց կալվածքները եւ հիանան իրենց նոր ունեցվածքով: Չնայած Բաքվի արտաքին փայլին ու շքեղությանը, նավթից ու գազից ստացվող միլիարդավոր դոլարների եկամտին, Ադրբեջանում տնտեսական վիճակն ավելի վատ է, քան Հայաստանում, ինչը խոսում է այս իշխանության որակի մասին»,- եզրակացնում է մեր զրուցակիցը: