Search
Close this search box.

«Երևանը՝ ադրբեջանական հող».Ալիևի նոր ոտնձգությունը Հայաստանի հանդեպ

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Իրևանի (Երևանի) պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։
Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև փաստացի ոտնձգություն է կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Այսպես, հրամանագրում նշվում է, որ Իրևանի պետական ադրբեջանական թատրոնը «հիմնադրվել է Իրևանի (Երևան) շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Բացի այն, որ հրամանագրում Երևանը նշվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», այլև խոսք է գնում «1918-1920 թթ. Իրևանում հայերի կողմից ադրբեջանցիների կազմակերպված զանգվածային սպանդի», ինչպես նաև այլ «վանդալիզմի և բռնությունների» մասին։
Արձանագրենք, որ Ադրբեջանը հերթական անգամ ոչ միայն ամենաբարձր՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակում խոսում է Հայաստանի սուվերեն տարածքի՝ որպես ադրբեջանական հող լինելու մասին, այլև այդ ուղղությամբ իրականցնում է հետևողական քաղաքականություն և քարոզ թե՛ Ադրբեջանի ներսում՝ այդպիսով նպաստելով հակահայկական տրամադրությունների էլ ավելի բարձրացմանը, թե՛ միջազգային հարթակներում՝ նոր պահանջներ դնելով Հայաստանի առջև։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։

2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։

Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։