Search
Close this search box.

Ովքեր են վաճառում պետությունը և ինչի համար

Պետական դավաճանության դեպքերը միայն բանակի խնդիրը չեն: Այնպես չէ, որ բոլոր դավաճանները բանակի ներսից են լինում: Այս հարցում պետությունը պետք է մեծ դերակատարում ունենա: Ուժեղ պետություններն ինչպես են վարվում. նորմալ դաստիարակում են իրենց քաղաքացիներին, կրթում, վճարում, պետք եղած ժամանակ՝ խրախուսում և պատժում: Նման դեպքեր Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում չես հանդիպի: Նույնն էլ մենք պետք է անենք:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար բացահայտվող պետական դավաճանության դեպքերին՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս հիշատակում է միջին վիճակագրական 40-45 տարեկան տղամարդկանց, որոնք մինչ կորոնավիրուսը՝ արտագնա աշխատանքով էին զբաղվում, սակայն սահմանների փակ լինելու պատճառով սկսել են պայմանագրային զինծառայող աշխատել ԶՈՒ-ում:

«Բանակը չի առաջարկում այնպիսի աշխատավարձ, որը կլինի մրցունակ ու կկարողանա լավագույններից ընտրել որպես պայմանագրային զինծառայող: Բանակը կիսագրագետ, ֆիզիկապես ոչ պատրաստված մարդկանց ընդունում է որպես պայմանագրային զինծառայող, տվյալ անձն էլ սահման պաշտպանելն ընդունում է զուտ աշխատանք՝ իր ընտանիքը պահելու համար: Այդպիսի մարդիկ պատրաստ չեն բանակ ու երկիր պաշտպանելու, որովհետև վերջին անգամ գիրք են կարդացել 7-րդ դասարանում, հայկական սերիալներ են նայել, որտեղից էլ սերտել են դավաճանություն, հանցագործություն, գողություն, սեռական բռնություններ և այլն: Սա է մեր խնդիրը»,- շեշտում է Հովհաննիսյանը:

Նրա պնդմամբ՝ երբ պետությունը կստեղծի այնպիսի պայմաններ, որ 20-21 տարեկանում ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված զինվորն ուրախությամբ կմնա պայմանագրային ծառայության, այդ օրվանից պետական դավաճանության դեպքերը չեն լինի, պետությունն էլ հնարավորություն կունենա ավելի պատրաստված, խելացի ու բարոյապես կայուն զինվորի ընտրել:

Ռազմագետը նշում է՝ խնդիրը տարիներ շարունակ եղել է տնտեսական, մեծ ֆինանսներ չեն ներդրվել բանակում. «Պետությունն անվտանգության ոլորտի համար այնքան ֆինանսավորում չի տրամադրել, որը կբավարարեր մրցակցություն առաջացնելուն և լավ զինվորներ ընտրելուն: Դեմոկրատական խնդիրների հետևանքով էլ ժամկետային զինծառայողների թիվն է կրճատվել: Իրենց փոխարեն պայմանագրայիններ պետք է լինեն, բայց նրանց մեծ մասն էլ իմ՝ արդեն թվարկած մարդկանց տեսակներին են պատկանում»:

Հովհաննիսյանը պետական դավաճանություն գործելու ազդեցություններից մեկն էլ համարում է համացանցային հոսքերը, երբ ամեն օր մեկը երկրի ղեկավարին երկիրը ծախելու համար է մեղադրում:

«Ամեն օր մեկը երկրի ղեկավարությանը դավաճան է անվանում, ինձ էլ ասում էին, թե փախչել եմ Հայաստանից ու ԱՄՆ-ում տուն եմ ստացել: Այս զանգվածն էլ կարդում է ու ասում՝ «դե սրանք պետությունը ծախեցին, փախան Ամերիկա, ես ինչի՞ մնամ պայքարեմ, հենա գումար կվերցնեմ, ես էլ կփախչեմ»: Եվ սա ողբերգական է»,- կարծում է ռազմական փորձագետը և հավելում՝ նման դեպքերը կանխելու ամենակարևոր քայլը ճիշտ դաստիարակությունն ու կրթությունն է:

«Մեզ ռադիկալ փոփոխություններ են պետք՝ աշխատավարձերի բարձրացում, զորամասերում բջջային հեռախոսներ կրողներին անհրաժեշտ է խիստ պատժել: Տարիներ շարունակում այս մասին բարձրաձայնել ենք, բայց երբեք խիստ չենք պայքարել երևույթի դեմ: Սրանք գործողությունների փունջ են, որոնք պետք է միասին իրագործել. կիսատ անելու դեպքում արդյունք չենք ստանալու»,- ասում է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նկատում է՝ Ադրբեջանը մարտավարություն է որդեգրել, որի միջոցով հային պախարակում է հայի աչքերում. «Մեզ վնաս են հասցնում նաև հոգեբանական և արժեհամակարգային տիրույթում: Մեկ անգամ «օգտագործում են» պետական դավաճաններին, նրանցից ստանում օգուտ և միջին վիճակագրական հային էլ հասցնում այն մտքին, որ վերջինս մտածի, թե ինչ վատ ազգ ենք մենք»:

Խոսելով պետության կողմից այսօր արդեն տարվող քայլերի մասին՝ ռազմական փորձագետը դրական է գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը:

«Լավ է, որ ԱԱԾ-ն բացահայտում է հանցագործությունները, սակայն հանրությունը սպասում է նման գործերի վերջաբանին: Պետական դավաճանությանը վերաբերող գործերը չպետք է քնեցվեն, ինչպես շատուշատ քրեական գործերի դեպքում է եղել, քանի որ հանրությունը ցանկանում է տեսնել նրանց դատ ու դատաստանն ամենադաժան ձևով: Մեկ տարի առաջ կալանավորված անձի վերաբերյալ արդեն պետք է որոշում կայացված լիներ, որ քաղաքացիների «սիրտն էլ հովանար»: Իհարկե, պետությունն անում է քայլեր, բայց քայլերը պետք է արագացվեն»,- ասում է նա և հավելում՝ նախկինում ԱԱԾ-ն ավելի պասիվ և թերի է աշխատել, ակտիվ աշխատելու դեպքում նման հանցագործությունները հնարավոր էր ավելի շուտ կանխել:

Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ-ն հերթական անգամ հայտնեց զինծառայողի կատարած պետական դավաճանության դեպքի մասին: Ըստ կառույցի՝ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և գումարի դիմաց դրանք փոխանցել օտարերկրյա գործակալի:

Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է պետական դավաճանության աննախադեպ դեպք: Հայաստանի տարածքում գործել է լրտեսական մեծ ցանց, որում ներառված են եղել հայերենին գերազանց տիրապետող օտարերկրյա գործակալներ ու հայ զինվորականներ:

Մարտի 7-ին էլ ԱԱԾ-ն հայտնեց օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված մեկ այլ գործակալական ցանցի գործունեության բացահայտման մասին: Դրա կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Ապրիլի 25-ին էլ մեկ այլ հաղորդագրությամբ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող սպան, անդամագրվելով Ադրբեջանի հատուկ ծառայություններին և ստանալով ծածկանուն, տվել է իր գրավոր համաձայնությունն ու այդ համաձայնության արդյունքում 1400 դոլարի դիմաց Ադրբեջանին փոխանցել տվյալներ զինծառայողների, հրամանատարական կազմի, հրթիռային համակարգերի թվի, զինտեխնիկայի տեղակայման և այլ մանրամասների մասին:

Եվս մեկ պետական դավաճանության դեպքի մասին ԱԱԾ-ն հայտնել էր հունիսի 14-ին: Նշվում էր, որ ՀՀ քաղաքացին, որը հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որի համար պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։