Search
Close this search box.

Գյումրեցի 40-ամյա կինն իր 14-րդ երեխան է լույս աշխարհ բերել

Գյումրեցի Լիլիթ Խաչատրյանը 40 տարեկան է, բայց արդեն 14 երեխաների մայր է՝ 7 տղա, 7 աղջիկ: Երեխաներից ամենամեծը 22 տարեկան է, ամենափոքրը՝ Աննան, հուլիսի 9-ին է լույս աշխարհ եկել:

ԳԱԼԱ-ն գրում է՝ Խաչատրյանների ավագ դուստրը՝ 22-ամյա Շուշանը, զբաղվում է նկարչությամբ։ Տանը կան հինգ դպրոցականներ, ամեն մեկը մի երաժշտական գործիք նվագում է։ 20-ամյա Հեղինեն սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի միանգամից երկու բաժիններում․ նա ապագա երաժշտագետ ու դաշնակահար է: Որդիներից Զավենը սովորում է բժշկական քոլեջում, մյուս որդին՝ Հովսեփը, արհեստագործական ուսումնարանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տիկին Լիլիթն ասում է, որ Աննան կապույտ աչքեր ունի, բայց դեռ էնքա՜ն է փոխվելու աչքերի գույնը:

«Մեզ համար երեխայի սեռը կարևոր չի եղել, Աստված ինչ կամեցել է, առողջ բալիկ լինի: Իմ 14 երեխաներն էլ սպասված են եղել, և յուրաքանչյուր երեխայիս ծնունդը նորովի ուրախություն է բերել մեր տուն: Երեխեն Աստծո պարգևն է, ու մարդը Աստծո ձեռքից է ընդունում երեխային, և դա արդեն իսկ ոգևորում է: Մենք պատերազմում մի ամբողջ սերունդ ենք կորցրել, պիտի շատ երեխաներ ծնվեն, մենք շատ ենք կորցրել… Դժվարություններ էլ իհարկե կան, բայց այդ դժվարությունները չպետք է խանգարեն, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն:

Ես խորհուրդ եմ տալիս, որ բոլոր ծնողները մտածեն շատ երեխաներ ունենալու մասին, չսահմանափակվեն 1-2 երեխայով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի բազմազավակ մայրը:

Գյումրեցի բազմազավակ մայրը չի բացառում, որ իրենց ընտանիքում նորից զավակներ կծնվեն, ասում է՝ Աստված ինչքան կամեցավ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: