Search
Close this search box.

Ինչո՞ւ է պետք կարևորել Հիսուս Քրիստոսի արձանի հոգևոր գաղափարախոսական կողմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին, Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար: Փաշինյանն արձանի կանգնեցմանը կողմ է, քանի որ ըստ իր մեկնաբանության՝ այն կմեծացնի Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը:

Մի կողմից լավ է, որ իշխանություն չի խոչընդոտի նման կարևոր նախաձեռնության իրականացմանը: Մյուս կողմից ցավալի է, որ կառավարության ղեկավարն արձանի կանգնեցման մեջ տեսնում է միայն զբոսաշրջային գործոնի ակտիվացում, այսինքն բիզնես հետաքրքրություն, կարճ ասած` փող աշխատելու հնարավորություն, թեկուզ պետության համար:

Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը` նախաձեռնելով նման արձանի կանգնեցում, ավելի շատ կարևորել էր հոգևոր գաղափարական կողմը: Ծառուկյանն իր ելույթներում բազմիցս է նշել, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա համախմբել հայ ժողովրդին, նրան դուրս բերել բարոյահոգեբանական այն ծանր վիճակից, որն առաջացել է 44 օրյա պատերազմի և պարտության արդյունքում:

Հիսուս Քրիստոսը սիրո և հավատի խորհրդանիշն է, և Ծառուկյանը կանգնեցնելով Քրիստոսի արձանը` հայ հասարակությանը միմյանց սիրելու, ներողամիտ ու հանդուրժող լինելու, մեր երկրի ապագայի նկատմամբ հավատով լցվելու ուղերձ է հղում: Ծառուկյանը գիտի, որ բաժանված սևի ու սպիտակի, թշնամի ճամբարների ու անընդհատ հակամարտող հասարակությունն իր ամբողջ էներգիան վատնելու է ոչ թե կառուցելու և արարելու, այլ ինքնաոչնչացման վրա:

Իհարկե, Հիսուս Քրիստոսի արձանը կարող է ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն, և աշխարհի բազմաթիվ ծայրերից հազարավոր և հարյուր հազարավոր մարդիկ գալու են Հայաստան, գնալու են տեսնելու Փրկչի արձանը: Բայց այդ արձանը ամենևին կռապաշտության խորհրդանիշի չի կարելի վերածել, որովհետև իսկապես հավատացյալ մարդը, իսկապես քրիստոնյա մարդը չի կարող երկրպագել արձանը, թեկուզ և Հիսուս Քրիստոսի: Արձանը ընդամենը միջոց է մարդու մեջ նոր ուժով արթնացնելու այն արժեքները, այն գաղափարները, որոնք տարածում էր Հիսուս Քրիստոսը, և հանուն որոնց նա բարձրացավ խաչելություն:

Այնուամենայնիվ, մենք չափազանց կարևորում ենք, որ իշխանությունը չի պատրաստվում վարչական և բյուրոկրատական խոչընդոտներ հարուցել արձանի կանգնեցման ճանապարհին, և Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ամենակարճ ժամկետում կսկսի իրագործվել: Որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, հույս ունենք, որ Եկեղեցու առաջնորդներն էլ առաջիկայում կփոխեն իրենց դիրքորոշումը այս նախաձեռնության նկատմամբ, ինչը հնարավորություն կտա, որ այն իսկապես դառնա համազգային նախաձեռնություն:

Ուշ թե շուտ եկեղեցին օրհնելու է այս նախաձեռնությունը, և ամենաբարձր մակարդակով օծելու է Փրկչի արձանը: Որովհետև չի կարող լինել հայ ժողովրդի կողմից ընդունված ու գնահատված մի հոգևոր կառույց, որը մերժված կլինի Հայ եկեղեցու կողմից: Ցանկալի կլիներ, որ դա տեղի ունենար Հայ առաքելական եկեղեցու ներկայիս ղեկավարության կողմից: Որ հերթական անգամ խզում չլիներ ներկաների ու նախկինների միջև, այս անգամ էլ՝ հոգևոր ոլորտում:

ArmԼife.am