Search
Close this search box.

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ. ի՞նչ են քննարկել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Ա. Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին: