Search
Close this search box.

Բանակում ներդրվում է «պարզեցված ռեժիմ»․ ինչ է թաքնված բարեփոխումների տակ

Հայաստանը փորձում է «բարեփոխել» բանակը: Չհավակնելով առաջարկվող քայլերի մասնագիտական ​​վերլուծության, միայն նկատենք, որ «բարեփոխումների» հիմնական նպատակի մասին հստակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին։ Նախ, Զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է։ Այո, Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին։ Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում, այո, ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Եվ մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»։

Փոփոխությունների նախագծով գլխավոր շտաբի պետը պետք է դառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, սակայն նախարարի բացակայության դեպքում չի կատարի նախարարի գործառույթները։ Պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբից կհանի նյութական ապահովության հարցերը։

Այսպիսով, կառուցվում է բանակի՝ վարչապետին բացարձակ ենթակայության ուղղահայաց ոչ միայն քաղաքական, այլեւ նյութական առումով։ Այսինքն՝ այսուհետ բոլոր զինվորական պատվերները, պաշտպանության համար գումարները, ինչպես նաև բանակի կառավարումը կենտրոնացվելու է մեկ անձի ձեռքին, ով իր գործունեության բնույթով քաղաքական դեմք է։ Եվ հենց նրանից է կախված լինելու անվտանգության ողջ քաղաքականությունը։

Սահմանադրության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Բանակի ենթարկումն անմիջականորեն քաղաքական մեծամասնության ներկայացուցչին նշանակում է Սահմանադրության խախտում։ Սակայն մեծամասնությունը հեշտությամբ կարող է փոխել Սահմանադրությունը։

Այսպիսով, բանակում իրագործվում է «վարչապետի աշխատակազմի հետ պետական ինստիտուտների քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» քաղաքականությունը՝ Սահմանադրական դատարանի, Դատական համակարգի, ԱԳՆ-ի եւ մյուս կառույցների «բարեփոխումների» շարքում։

Նկատի ունենալով, որ ներկայիս վարչապետը «խաղաղ դարաշրջանի» ապոլոգետն է, մարդ, ով նոյեմբերի 9-ին ստորագրել է խայտառակ թղթի տակ, բայց փորձել է պարտության մեջ մեղադրել բանակին, կարելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում հայոց փառապանծ բանակին ընթացիկ «բարեփոխումներից» հետո։

Վերջին 4 տարիների ընթացքում բանակի «բարեփոխումները» հանգել են մեկ զինվորներին ելակով կերակրելուն, մեկ զենքի կոռուպցիոն գնումներ փնտրելուն՝ ՊՆ պաշտոնյաների ձերբակալություններով, այնուհետև բացահայտելով բազմաթիվ «200 դոլարանոց դավաճանների», հիմա էլ՝ օրենսդրական փոփոխություններով բանակի ենթարկմանը։ Վերջում պարտության ողջ մեղքը բարդվելու է բանակի, կռված զինվորների, զոհվածների և ողջ մնացածների վրա, որպեսզի չմատնանշեն իրական մեղավորներին։ Իսկ բանակը ուղղակիորեն ենթարկվելու է քաղաքական ղեկավարությանը։

Հատկանշական է, որ քննարկումների ժամանակ ասվել է, որ այս բոլոր փոփոխությունները մշակվել են ռուս գործընկերների հետ սերտ շփման մեջ, և տեղի է ունենում վերադարձ բանակի խորհրդային մոդելին։

Մնում է հասկանալ, թե ինչու է Ռուսաստանն ուղղակիորեն ենթարկում հայկական բանակն ու ռազմական գնումները երկրի քաղաքական ղեկավարությանը։ Երեւում է այստեղ էլ ներդրվում է «պարզեցված ռեժիմ», ինչպես Հայաստանի տարածքը ծվատող միջանցքներին։
lragir.am