Search
Close this search box.

Հոսպիտալում գտնվելու ժամանակահատվածում վիճում էր. «Ես կարողանում եմ քայլել և ուզում եմ ու պարտավոր եմ լինել Արցախում». միայն 68 օր անց ծնողները կարողացան գտնել որդուն

ՀԵՆՐԻԿ Սերգեյի Էլոյան (25֊05֊2001-28֊10֊2020թթ), ք.Աբովյան։

Կյանքով լեցուն, ժպտերես, բարի, բոլորի կողմից շատ սիրված և հարգված, ընտանիքին նվիրված էր Հենրիկը։ Շատ նպատակներ ուներ , որոշել էր դառնալ գինեգործ։ Սիրում էր ուսումնասիրել համակարգչային ծրագրերը։ Սովորել է Գրիգոր Նարեկացու անվան N°137 դպրոցում, այնուհետև տեղափոխվել է N°45դպրոց։ Սովորել է ՀԱԱՀ վարժարանում։ Ավարտելով ՀԱԱհ֊ի վարժարանը,ընդունվել է ՀԱԱՀ համալսարան։

2019թ. հուլիսիին զորակոչվել էր ծառայության, ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլ): Երբեք չի դժգոհել ծառայողական կյանքից։
Պատերազմի հենց սկզբից մարտական գործողություններին մասնակցել է Ջաբրայիլում, Հադրութում։ Ամեն անգամ տուն զանգահարելիս հանգստացնում ու ասում էր. «Շատ լավ եմ,սենց գնա մի քանի օրից կհասնենք Բաքու….»

Ջաբրահիլում թեժ մարտերի ժամանակ հոկտեմբերի 7-ին ստացել է բեկորային վնասվածքներ, տեղափոխվելով հոսպիտալ բեկորները հեռացվել է՝ բացի մեկից, որը գտնվում էր ողնաշարին մոտ և պետք է հեռացվեր մի քանի ամսից։ Հոսպիտալում գտնվելու ժամանակահատվածում վիճում էր և՜ բժիշկների, և՜ ծնողների և՜ բարեկամների հետ ասելով.

-Ես կարողանում եմ քայլել և ուզում եմ ու պարտավոր եմ լինել Արցախում՝ իմ զինակից ընկերների կողքին….
Հոկտեմբերի 26֊ին իր պահանջով հոսպիտալից մեկնել է Արցախ, միացել իր մարտական ընկերներին Շուշիում, այնուհետև տեղափոխվել Կարմիր Շուկայի տարածք, որտեղ էլ հոկտեմբերի 28֊ին զոհվել է…

Միայն 68 օր անց ծնողները կարողացան գտնել անմահացած հերոսին…. հուղարկավորված է Եռաբլուրում։