Search
Close this search box.

Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված ճակատի ամանորյա ուղերձը

Հայ ժողովուրդն արժանի է ունենալու այն պետությունը, որն ուրվագծվել է Անկախության հռչակագրով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված Հանուն Հայաստան Պետության ճակատը:

Ժակատի ամանորյա ուղերձում ասվում է.

«Հայ ժողովուրդը 1990 թվականին ընդունված Անկախության Հռչակագրով ի լուր աշխարհի հայտարարեց Հայաստանի եւ Արցախի տարածքների վրա ազատ, անկախ, ինքնիշխան պետության կառուցելու իր կամքի մասին:

Հռչակագիրն ազատ, անկախ, ինքնիշխան հզոր պետության կառուցման հիմքերը դնելու մեր դարավոր երազանքների խտացումն էր, պետություն, որտեղ տիրելու էր համաժողովրդական համաձայնությամբ ընդունված, իշխանությունների ու ժողովրդի համերաշխ գործունեությունը ապահովող հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Պետություն, որտեղ իշխանությունները կկազմավորվեին բացառապես ժողովրդի ազատ կամքով եւ կգործեին համաձայն սահմանադրության ու օրենքների, հանուն ժողովրդի բարեկեցության, պետության եւ ժողովրդի անվտանգության, հանուն հզորացման ու առաջընթացի:

Պետություն, որը կլիներ այս աշխարհում հայի համար ապահով ու արժանապատիվ ապրելու ամենահարմարավետ վայրը:

Ցավոք, ստացվեց ճիշտ հակառակը:

Անկախության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված պետական կառավարման ապակառուցողական համակարգ, հետեւողականորեն ոչնչացնելով հանրային եւ անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների, տնտեսական, այժմ արդեն նաեւ ռազմական ուղղություններում համարյա ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտարին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին:

Ծայրահեղ աղքատությունը, անարդարությունները, անկախ, արդարադատ դատական համակարգի բացակայությունը, համատարած թալանն ու կոռուպցիան, մարդու ազատ ապրելու եւ արարելու միջավայրի աստիճանական վերացումն իրար հաջորդող ոչ օրինակարգ իշխանությունների կողմից հանգեցրել են զանգվածային արտագաղթի:

Չնվազող արտագաղթն իրական սպառնալիք է Հայոց պետության գոյության համար, որն էլ ի վերջո կհանգեցնի վերջնական հայրենազրկման:

Այդ ամենի դեմն առնելու հայ հանրության ցանկացած ընդվզում բարբարոսաբար ճնշվում է օտարածին իշխանությունների կողմից՝ բանտերը լցնելով ապօրինի դատապարտված նորանոր քաղբանտարկյալներով:

Այսօր էլ ընթանում են քաղաքական դատավարություններ՝ նախօրոք գծված սցենարներով ու արդեն նախապես պատվիրված դատավճիռներով:

Առջեւում Նոր տարին է, եւ Նոր տարում մարդկանց մեջ ծնվում են նոր ակնկալիքներ, ապագայի հանդեպ նոր հույսեր, նոր սպասումներ:

ՀՀՊ ճակատն ընդունել է հռչակագիր, որով տրվում են առկա խնդիրների լուծման եւ ծառացած մարտահրավերների դեմն առնելու բանալին:

Եվ ՀՀՊ ճակատը գործադրելու է ամեն ջանք՝ միավորելու հասարակությանը, վերարթնացնելու լավ ապագայի հույսը, սեփական ուժերի նկատմամբ սասանված հավատը:

Համոզված ենք, որ այս վտանգները քաջ գիտակցում է նաեւ հայկական սփյուռքն իր ամբողջության մեջ: Եվ Հայաստանի հանրությունը միայն սփյուռքի առարկայական աջակցությամբ կկարողանա դեպի անէություն տանող այս գաղութացման ընթացքի դեմն առնել:

Վստահ ենք, որ մեր ժողովուրդն արժանի է ունենալու այն պետությունը, որն ուրվագծվել է Անկախության հռչակագրով:

Եվ միայն ազատ ու արդար, հարուստ ու հզոր պետությունում է հնարավոր, որ իրականանան առողջության, երջանկության, բարեկեցության, արժանապատիվ կյանքի, լիքը զավակներով սեղան նստելու, առատ սեղանների, անհոգ ու ուրախ օրերի, առանց քաղհալածյալների, կայուն ու համերաշխ, արդար հասարակություն ունենալու ամանորյա բարեմաղթանքները:

Եվ մեր միասնական կամքի ձեւավորմամբ ու միասնական ջանքերով կհասնենք ազատ, անկախ, արդար, հզոր, ինքնիշխան պետություն կերտելուն՝ ինտեգրվելով առաջադեմ պետությունների միջազգային ընտանիքին:

Շնորհավոր բոլորիս Նոր տարին: