Search
Close this search box.

Զինգրքույկը ներկայացնելու պահանջը բացառիկ ապօրինություն է

«Պետական սահմանը անցնելու ժամանակ զինգրքույկը ներկայացնելու պահանջը բացառիկ ապօրինություն է, որովհետև պետական սահմանը հատելու համար անձի նույնականացման համար գոյություն ունի միմիայն մեկ փաստաթուղթ՝ անձնագիրը։

Զինգրքույկը հանդիսանում է զինվորական ծառայության հետ անձի հարաբերությունը հավաստող փաստաթուղթը, որը չի կարող որևէ կերպ պահանջվել քաղաքացուց պետական սահմանը հատելու դեպքում։

Եթե անձի նկատմամբ չի կիրառված խափանման միջոց հարուցված քրեական գործի շրջանակում, պետության սահմանը, բնակավայրը լքելու արգելանքի ձևով, ապա ինքնին զինգրքույկը ներկայացնելու պահանջը որպես պետական սահմանը հատելու համար պայման հանդիսանում է բացարձակ ապօրինություն։

Ազգ ֊բանակը հայեցակարգի ճոխ֊ճոխ ներկայացման տխուր իրականացման փաստ է նման պահանջի ներկայացումը։

Ազգ ֊բանակը գեղեցիկ փաթեթավորմամբ ռազմա֊ստրկական հպատակության համակարգ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի այսուհետ 18-ից 27 տարեկան արական սեռի Հայաստանի քաղաքացիները չեն կարողանա լքել երկիրը, եթե չներկայացնեն իրենց զինվորական գրքույկը: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է նոյեմբերի 2-ի նիստում: Այն ուժի մեջ է մտնում եւ սկսում է գործել միայն զորակոչի ժամանակ: