Search
Close this search box.

Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու. ադրբեջանագետ

Հակառակորդը Խաչիկ գյուղի վրա կրակ է բացել։ Վարդենիսի ուղղությամբ էլ թշնամու կրակահերթը չի դադարում։ Նմանատիպ տեղեկությունների պակաս, ցավոք սրտի, չենք ունենում, իսկ հակառակորդը շարունակում է սադրիչ գործողությունները՝ չստանալով համարժեք պատասխան։ Թշնամու կողմից սահմանային լարվածություն հրահրելու դեպքերի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Փորձագետի խոսքով՝ երեք օր առաջ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր հրավիրել, որտեղ կոնկրետ հրահանգել էր պատասխանել «ռևանշիստների» հնարավոր բոլոր սադրանքներին։

«Նմանատիպ հրահանգներից ու հայտարարություններից հետո ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու։ Եթե ինչ-որ մեկը դեռևս չի հասկացել, թե Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում, ապա այդ մարդիկ Հայաստանին ուղղակի հերթական փորձությունների ու ձախողումների են տանում»,-ընդգծել է Հայրապետյանը։

Փորձագետի համոզմամբ՝ այս ամենի ֆոնին մարդիկ, որոնք իշխանության ղեկին են, առավոտից երեկո խոսում են ինչ-որ 3-րդ ուժերի մասին, բողոքում, որ նրանք պնդում են, թե Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող համակեցությամբ ապրել։

«Ադրբեջանցիներն իրենց ամբողջ պատմության ընթացքում ցույց են տվել և շարունակում են ցույց տալ, որ հայի հետ կապված որևէ բան ուղղակի չեն կարող հանդուրժել։ Ընդամենը հաշված օրեր առաջ՝ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում, ադրբեջանցի մարզիկը չկարողանալով ընդունել, որ հաղթողը հայ է, Հայաստանի օրհենրգի ժամանակ իջավ պատվո հարթակից ու որակազրկվեց։ Սա ուղղակի մի օրինակ է, որ նրանք չափազանց անհանդուրժող են։ Մեկ այլ օրինակ էլ այն էր, երբ Բերձորի գյուղերի հանձման մասին էր խոսվում, ու Աղավնոյի գյուղապետը հայատարարել էր, որ իրենք գյուղից չեն հեռանալու, մնալու և պայքարելու են, Ադրբեջանի քարոզչական կայքերից մեկը հոդված հրապարակեց, որում նշում էր՝ եթե այդ մարդիկ որոշեն գյուղում մնալ, դա իրենց հնարավորություն կտա «հատուկ օպերացիա» ձեռնարկել։ Սա ցույց է տալիս, որ եթե հանկարծ որևէ տարածք անցնի Ադրբեջանին վերահսկողության տակ, բնակչությունը կա՛մ ցեղասպանվելու է, կա՛մ դեպորտացվի»,-ընդգծել է Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանը տեղեկատվական բլոկադայում է, քանի որ իշխանական շրջանակներն առավելագույնս փորձում են քաղաքացիներից ինֆորմացիա թաքցնել։