Search
Close this search box.

Բանակը մի ծայրահեղությունից չգցել մյուսը

Հայաստանի հանրությունը տարակուսած, ապշահար քննարկում է Հայաստանի կամ Արցախի ԱԱԾ բացահայտումները, կապված Ադրբեջանի հատուկ ծառայությունների հավաքագրած գործակալների հետ, որոնք եղել են հայկական զինուժի ծառայողններ, տարբեր կարգավիճակներով: Իրապես ապշելու է, հատկապես այն պատկերացումների և համոզվածության ֆոնին, որ հայ հանրությանը ներշնչվել է հայկական բանակի վերաբերյալ՝ տասնամյակներ իրականացված պաշտոնական քարոզչությամբ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ, ինչպես չէր կարող բացարձակ լինել այդ քարոզչությունը, այդպես էլ չի կարող բացարձակ լինել այսօր փաստացի «ստացվող» հակաքարոզչությունը:

Այն, որ մի քանի տասնյակ զինծառայող, կամ մի քանի հարյուր զինծառայող հավաքագրվել և տեղեկություն է տրամադրել թշնամուն, հայկական այսպես ասած քաղաքական «էլիտայի» տարիների ամոթն ու խայտառակությունն է, ոչ թե հայկական բանակի: Այդ «էլիտայի» երկու տասնամյակից ավելի կառավարումն է, որ կառուցվել է քարոզչական փուչիկի տրամաբանությամբ, դրա հետևում այն անձնական, խմբային, կլանային լիությունը թաքցնելու համար, որ ապահովվել է Հայաստանի և Արցախի հանրային ու պետական ռեոուրսը մսխելու և յուրացնելու գնով՝ այդ ռեսուրսը Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման կարողություններին ծառայեցնելու համար, ընդ որում ոչ միայն ռազմական, այլ կենսագործունեության մյուս բոլոր կարևոր ինստիտուտների կայացման ու զարգացման տեսանկյունից: Հայկական բանակը մի քանի տասնյակ գործակալները կամ դավաճանները չեն, ինչպես էլ անվանենք նրանց:

Հայկական բանակը մի քանի տասնյակ հազար երիտասարդներն ու սպաներն են, որոնք անձնազոհ նվիրվածությամբ տարիներ շարունակ պաշտպանել ու պաշտպանում են Հայաստանի ու Արցախի սահմանը, որքան կարողանում են, որքան ներում է ուժը, ռեսուրսները: Ոչինչ բացարձակ չէ, և ոչինչ չի կարող այդպես լինել հատկապես այնպիսի բարդ օրգանիզմի պայմաններում, ինչպիսին են զինված ուժերը: Սակայն, հենց այդ առումով շատ կարևոր է, որպեսզի ԱԱԾ բացահայտումները հանրային ընկալումներում կամա, թե ակամա չվերածվեն բանակի, զինուժի հանդեպ հանրային վերաբերմունքի անկման «խթանի»: Ըստ այդմ, մի կողմից անելով առավելագույնը այդ բացահայտումների ուղղությամբ՝ ինչը պետական անվտանգության հարց է, միևնույն ժամանակ պետք է առավելագույնն անել զինուժի, բանակի, զինվորականության հեղինակության հանդեպ հանրային վերաբերմունքի մեկ այլ ծայրահեղություն՝ անկում, անվստահություն, թերարժեքության բարդույթ թույլ չտալու համար:

Ընդ որում, այդ խնդրի լուծումը չի կարող լինել լոկ այն մեթոդներով և մոդելներով, ինչով տասնամյակներ շարունակ հանրությանը «սնուցվել» է այսպես ասած առաջին ծայրահեղությունը՝ անպարտելիության, մարտունակության, անսասանության և այլնի մասին: Պետք է հրաժարվել «բանակի մասին կամ լավը՝ կամ ոչինչ» մոտեցումից, միևնույն ժամանակ սակայն պետք է անել առավելագույնը հանրային վերաբերմունքի՝ հակառակ ծայրահեղություն գլորվելու որևէ վտանգ կանխելու, թույլ չտալու համար:

Եվ այդ հարցը թերևս պետք է լինի նաև Հայաստանում զինուժի ռեֆորմացիայի քաղաքականության և ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը, որովհետև առանց զինուժի հանդեպ նոր որակի և բովանդակության հանրային վստահություն ձևավորելու, հազիվ թե հնարավոր է առաջ տանել պաշտպանական համակարգի վերափոխման արդյունավետ քաղաքականություն: