Search
Close this search box.

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ազատազրկվեց ինը տարով

Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման 9 տարի ժամկետով, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Քանի որ Սարգսյանը 2020-ի օգոստոսից ազատազրկման մեջ է, նա փաստացի կալանավայրում կլինի ոչ թե 9, այլ 7 տարի 2 ամիս։
Նշվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Լևոն Սարգսյանին՝ մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալին, պաշտպան Դավիթ Կարապետյանը արձանագրել էր, որ գործում առկա ապացույցներով արարքի իրավաբանական որակման խնդիր կա։ Պաշտպանը պահանջել էր Սարգսյանին արդարացնել առաջադրված մեղադրանքում, իսկ եթե դատարանը կգտներ, որ առկա ապացույցները բավարար են, ապա՝ վերաորակեր արարքը և կարճեր վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք՝ քրեական գործը հարուցվել էր 2018-ին, Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ Զելենոգրադ քաղաքում 2019-ի նոյեմբերին։ 2020-ի օգոստոսին ՌԴ գլխավոր դատախազությունը արտահանձնեց Սարգսյանին՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։ 2020-ի օգոստոսից Սարգսյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։