Search
Close this search box.

Ալիևի օգնականը Բրյուսելում հրաժարվել է հանդիպել Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ՝ քննարկելու խաղաղության պայմանագրի կետեր

Ադրբեջանական կողմն առայսօր չի պարզաբանել, թե ինչու է հրաժարվել հունիսի 27-ին Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղարի հետ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումից։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դեռևս հայտնի չէ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել։ Մենք ինֆորմացիա ունենք, որ հնարավոր է`մոտ ապագայում այդպիսի հանդիպում կայանա»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ հնարավոր հանդիպման հարցը դեռ քննարկվում է։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Բրյուսելում պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Այս մասին նույն օրը երեկոյան առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանդիպմանը նախատեսվում էր պայմանավորվածություններ ձեռք բերել խաղաղության պայմանագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ։