Search
Close this search box.

Արցախի նախագահի մամուլի քարտուղարը՝ Փաշինյանի հայտարարության և Բերձորի այլընտանքային ճանապարհների մասին

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ քննարկվել է այլընտանքային ճանապարհների հարցը, և Արցախի իշխանությունները հնարավորություն են ունեցել կարծիք հայտնել դրա մասին՝ չշրջանցելով հայաբնակ մնացած բնակավայերերի անվտանգության թեման։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին մամուլի ասուլիսում արված հայտարարություններին։

Հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսին ասել էր, որ երթուղու փոփոխության պարագայում (Ադրբեջանը սկսել է Բերձորը շրջանցող ճանապարհ կառուցելու աշխատանքը) այն տարածքները, որոնք նախկին Լեռնային Ղարաբաղին ինքնավար մարզի սահմաններում չեն եղել անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Դե գիտեք, Բերձորի, Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք։ Եվ նաև բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Մենք այսօր Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն բնակվում, և կառավարության որոշումներով իրենց խնդիրները լուծել ենք։ Եվ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն», — ասել էր Փաշինյանը։

Նա նաև նշել էր, որ Սուս գյուղի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել. «Սկզբունքը հետևյալն է՝ ԼՂԻՄ վարչական շրջանից նե՞րս է գտնվում, թե՞ դուրս է գտնվում»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնվելիք տարածքներին, որոնք նախկին ԼՂԻՄ մաս չեն կազմել, ապա Ավանեսյանը խուսափողական պատասխան տվեց․ «Արցախի Հանրապետությունը եռակողմ հայտարարության մասը չէ։ Եվ ստեղծված պայմաններում մեր խնդիրն է, որ անենք ամեն ինչ Արցախի Հանրապետության քաղաքացիների կյանքի և իրավունքների պաշտպանության համար ինչպես մինչեւ ռուսական խաղաղապահնեի վերատեղակայումը, այնպես էլ դրանից հետո»։

Հարցին՝ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ սկսվե՞լ են, որ բնակիչները լքեն Աղավնոն, Լաչինը, հայկական Քաշաթաղի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածները, ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանեց․ «Բնակիչները դեռևս իրենց տեղում են։ Ու խոսել ենք, որ մեզ կհաջողվի կարգավորել այլընտրանքային ճանապարհի հետ կապված բոլոր խնդիրները»։

Ճշգրտող հարցին՝ Արցախի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում են հայտնել ոչ ԼՂԻՄ տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին, Լուսինե Ավանեսյանը պատասխանեց․ «Ինչը որ ասել եմ, այդքանով, խնդրում եմ, սահմանափակվե՛ք»։