Search
Close this search box.

Աղմկահարույց դեպք՝ Երևանում. 3 բարձրաստիճան ոստիկանների կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ ժամանել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարան, որտեղ տեղի են ունենալու դռնփակ դատական նիստեր:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, քննիչները միջնորդություն են ներկայացնելու դատարան, որ դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ոստիկանության 3 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Կայքի տեղեկություններով՝ այդ պաշտոնյաներից մեկը հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժնի պետ է, մյուսը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, մյուսն էլ՝ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: Եթե դատարանը բավարարի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների միջնորդությունը, բարձրաստիճան ոստիկանները տեղափոխվելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»:

Նախաքննության շահերից ելնելով, դատարան բերված բարձրաստիճան ոստիկանների տվյալներն ու դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում: