Search
Close this search box.

Սահմանին զորամասեր են բացվել, ժամանակակից զենք է բերվում. Ալիևը` ԶՈւ-ն ուժեղացնելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով` ԶՈւ-ն օրուգիշեր աշխատել է, որպեսզի առավել շահավետ դիրքեր զբաղեցնի սահմանին և հասել է դրան։
Հայաստանի հետ սահմանի երկայնքով նոր զորամասեր են ստեղծվել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոմանդոսների զորամասի մարտական դրոշի հանձնման ժամանակ:
Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի օրը, Ալիևի՝ Շահումյանի (Քելբաջարի) շրջան կատարած այցի շրջանակում:
«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու համար։ Ամենաժամանակակից զենքի գնման նոր պայմանագրեր են ստորագրվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություն ու տեխնիկա է ներկրվում Ադրբեջան։
«Պատերազմին հաջորդած մեկուկես տարում մենք օրուգիշեր աշխատել ենք, որպեսզի ավելի հզորացնենք մեր բանակը, ապահովենք ավելի ժամանակակից սպառազինությամբ, զբաղեցնենք բոլոր շահավետ դիրքերը սահմանի երկայնքով, տեղակայվենք այնտեղ, և մենք հասել ենք դրան», – ասել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ «Ազերթաջին» տված հարցազրույցում խոսել է երկրի զինված ուժերի թվաքանակի ավելացման մասին:
«Ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ (կոմանդոսների) ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։ Հատուկ նշանակության զորքերի ու ՌԾՈւ-ի օպտիմալացման հաշվին ավելացել է ուժերի ու միջոցների քանակը», – ասել է նա:
Հասանովը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը հանձնարարել է ադրբեջանական բանակը նոր մակարդակի հասցնել, որպեսզի Թուրքիայի զինված ուժերի փոքր մոդելը դառնա: