Search
Close this search box.

ՔՊ-ն չի սպասարկել իմ հավակնությունները. անդամակցությունս դադարեցնում եմ. Տիգրան Ուլիխանյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայրենակիցներ 2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։
Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։

Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում»։