Search
Close this search box.

Սերգեյ Լավրովը Բաքվում հանդես է եկել մտահոգիչ հայտարարություններով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում` Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հանդես է եկել մի քանի հայտարարություններով, որոնք առնվազն մտահոգիչ են։
Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
«Մեր գնահատմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովը որոշակի առաջընթաց արձանագրել է։ Համաձայնեցման ենթակա հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու։ Ռուսաստանն այս աշխատանքներին կաջակցի մինչև արդյունքի ձեռքբերումը։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով»։

Սերգեյ Լավրով

✓ Լավրովը վերջերս Երեւանում հայտարարել էր, թե կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ։
Բաքվում Լավրովը խոսում է «ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու» ձեւակերպմամբ։ Արդյո՞ք Լավրովն ակնարկում է ֆունկցիոնալ միջանցքի հնարավորության մասին, ինչը ենթադրում է առնվազն Հայաստանի ինքնիշխանության որոշակի սահմանափակում` անձնագրային, մաքսային վերահսկողության հարցերում։
«Այս առումով(դելիմիտացիա/ դեմարկացիայի) կոնկրետ առաջարկներ կան և ես ուրախությամբ դրանք կքննարկեմ ձեզ հետ»։

Սերգեյ Լավրով
✓ Ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում Լավրովը, արդյո՞ք դրանք քննարկվել են Երեւանում, թե՞ Մոսկվան քաղաքական առեւտրի որոշակի դաշտ է բացում Բաքվի հետ, մանավանդ, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Կասպյան երկրների գագաթնաժողովը։
«Դուք(դիմում է Ալիեւին) հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք, ի դեպ, լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»։

Սերգեյ Լավրով
✓ Ինչո՞ւ է Լավրովը խոսում միայն Բաքվի 5 առաջարկությունների մասին ու անտեսում է Երեւանի 6 առաջարկությունները, արդյո՞ք դրանք մերժվել են, թե՞ Լավրովն Ալիեւին ակնարկում է, թե դրանք Մոսկվայի կողմից չեն կարեւորվում։
Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանության կողմից կտրվեն սպառիչ պատասխաններ։ Ի վերջո, Հայաստանի իշխանությունը պետք է անկեղծ խոսի մեր հասարակության հետ` այն գիտակցմամբ, որ վարվող քաղաքականության գինը վճարում է ժողովուրդը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց