Search
Close this search box.

Երևանում կայացավ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը․ Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ «Ամերիաբանկ»-ը Platinium հովանավորն էր

Տեխնոլոգիական ոլորտի զարգացում և կայունացում, էկոհամակարգային լուծումների ներկայացում և դրանց ներդրման խրախուսում հայկական ընկերություններում․ այս նպատակով հունիսի 22-ին Երևանում անցկացվեց Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափերի աճի, հասարակության բարեկեցության և ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP-աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են։ Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։

Հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ «Ամերիաբանկ»-ը, որպես Platinium հովանավոր, միացել է Orion Summit 2022-ին՝ համատեղելու ջանքերը՝ թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար։

«Ամերիաբանկի» Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց՝ Բանկը այսօր հանդես է գալիս որպես գործընկեր՝ նոր ձևավորվող ստարտափերի համար։ Նրա փոխանցմամբ՝ Բանկը միայն ֆինանսական սերվիսներ տրամադրող չէ, այլ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական հարթակների տրամադրող, որտեղ տարբեր կազմակերպություններ կարող են աճել և զարգանալ։

«Մասնակցելով նման միջոցառումների և լինելով հիմնական հովանավորը՝ կարևորում ենք էկոհամակարգերի մոտեցումը։ Մենք կարող ենք ձևավորել թվային հարթակներ, որոնք ներառում են թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական սերվիսներ։ Մենք չենք տեսնում բանկային ուղղություն, Բանկը դառնում է մի քանի ուղղություններով էկոհամակարգեր, որը նաև ներառում է ստարտափերի հետ աշխատելու էկոհամակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Էկոհամակարգերի լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով։ «Ամերիաբանկ»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որը ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։ Դրանով իսկ «Ամերիան» Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի՝ էկոհամակարգերի՝ թվային նպատակային հարթակների միջոցով։

«Շատ ենք կարևորում թվայնացման զարգացումը ՀՀ-ում և բիզնեսում, որպեսզի այն կարողանա խորանալ և հանրության համար մատչելի լինել։ «Ամերիաբանկ»-ը միշտ եղել է նորարար տարբեր բնագավառներում և մշտապես կարևոր էլ է տարբեր նորարար ծրագրերի իրականացումը։ Մենք զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի կյանքի հեշտացմանը, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների»,- շեշտեց «Ամերիաբանկի» իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Բանկի ծրագրերը նպատակաուղղված են տարբեր էկոհամակարգերի ստեղծմանը, որոնք հարթակ կարող են հանդիսանալ, օրինակ, տարբեր պրոդուկտները հասարակության համար ավելի մատչելի դարձնելու համար։ «Ամերիաբանկ»-ը առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ։